Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում տեղի է ունեցել առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը:
Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Մայակովսկու ԱԱՊԿ» ՓԲԸ-ի նորակառույց շենքի բացման առթիով կազմակերպված հանդիսության շրջանականերում դիմելով ներկաներին` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդգծել է համայնքի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճ եւ հարմարավետ պայմաններում կազմակերպելուն միտված նմանատիպ նախաձեռնության կարեւորությունն ու շնորհակալական խոսքեր հղել բոլոր բարերարներին:
Կոտայքի մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաեւ մարզպետարանի կողմից առողջապահության բնագավառի արդյունավետ գործունեությանն ուղղված նախաձեռնություններին եւ հիմնական մոտեցումներին` նշելով, որ նորակառույց այս հաստատությունում եւս գերակա են համարվելու բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի ապահովման առաջնահերթությունները:
Մայակովսկիում կայացած տոնական միջոցառմանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ. Ծառուկյանը, ում միջոցներով համալրվել ու վերազինվել են առողջապահական ընկերության տեխնիկական միջոցները:
Տոնական արարողությանը ներկա է եղել նաեւ «Մայակովսկու ԱԱՊԿ» ՓԲԸ-ի նորակառույցի շինարարական աշխատանքների բարերար Ա. Խաչատրյանը:
Հավելենք նաեւ, որ առողջության առաջնային պահպանման կենտրոնի շինարարական աշխատանքներում ներդրում է ունեցել նաեւ Մայակովսկի համայնքը:
Պաշտոնական բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են նորաբաց շենքի տարածքում, ծանոթացել պայմաններին եւ հնարավորություններին, զրուցել աշխատողների հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում