Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը կարող է կապված լինել սրտի հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ․ հետազոտություն

4 օգոստոսի, 2020  10:26

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով (ՊԿՁՀ) 30-40 տարեկան կանայք ավելի մեծ հավանականությամբ սրտանոթային հիվանդություններ կունենան: Այս մասին նախազգուշացնում է «Սրտաբանների եվրոպական միությունը», որի նոր հետազոտությունը հրապարակվել է European Journal of Preventive Cardiology ամսագրում:

«Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը մահվան դատավճիռ չէ,- ասել է հետազոտության հեղինակ, դոկտոր Քլեր Օլիվեր-Ուիլյամսը՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանից,- Կարելի է բարելավել առողջությունը: Օրինակ՝ ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն օգտագործել եւ ֆիզիկական վարժություններ կատարել»։

ՊԿՁՀ-ով կանայք, ամենայն հավանականությամբ, կունենան ավելորդ քաշ կամ ճարպակալում, շաքարախտ եւ զարկերակային բարձր ճնշում։ Այս ամենը սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի ռիսկի լուրջ գործոն են համարվում։

Հետազոտության մեջ ներառվել են 60 500 կանայք, ովքեր բուժում են ստացել 1994- 2015 թվականներին՝ հղիանալու հնարավորությունը մեծացնելու համար: Նրանցից 6100-ը (10,2%) ունեցել են ՊԿՁՀ: Հետազոտողները բժշկական գրառումներ են օգտագործել՝ 9 տարի շարունակ կանանց հետեւելու համար: Այս ժամանակահատվածում 2900 (4,8%) կանանց մոտ առաջացել են սրտանոթային հիվանդություններ: Ընդհանուր առմամբ, ՊԿՁՀ-ով կանաց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 19%-ով ավելի բարձր է եղել, քան ՊԿՁՀ չունեցող կանանց մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում