Կինը երեխա է ունեցել մահացած ամուսնուց

28 հուլիսի, 2014  19:19

Քերըն Սթիըրն այլեւս կարող է մահացող ամուսնուն տված խոստումն ի կատար ածված համարել. չէ՞ որ Ջոնի մահից երկուսուկես տարի անց նրա դուստրն է ծնվել:

Թեեւ ամուսինը չէր պատկերացնում, որ դրա համար կարող է այդչափ երկար ժամանակ պահանջվել: Մինչ այդ զույգերը հասցրել էին արտաարգանդային բեղմնավորման օգնությանը դիմել: Սակայն թոքերի քաղցկեղի վերջնական հաղթանակից մի քանի օր անց Քերընը տեղեկացել էր, որ բեղմնավորումը հաջող չի անցել, հաղորդում է Daily Mail-ը:

Այդուհանդերձ, անհաջող փորձը չէր կարող հետ պահել նրան՝ ամուսնուն տված խոստումն ի կատար ածելու մտադրությունից:

Չորրորդ եւ վերջին փորձը 41-ամյա կնոջ մոտ հաջողությամբ էր պսակվել:

«Երբ Ջոնը մահացավ, կարծում էի, թե հավիտյան կորցրել եմ նրան, բայց հիմա փոքրիկիս օգնությամբ համոզվում եմ, որ այդպես չէ: Նրա մի մասն ինձ մոտ է արդեն», - իր հույզերն է կիսել ընթացիկ տարվա մայիս ամսին բարեհաջող ծննդաբերած, երջանիկ մայրը:

Տեր եւ տիկին Սթիըրները 18 տարի միասին էին ապրել, երբ 2010թ.-ին պարզվեց, որ ամուսնու մոտ անբուժելի քաղցկեղ է զարգանում:

«Մինչ այդ մտածում էինք, որ երկար ժամանակ ունենք առջեւում՝ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու համար», - պատմում է Քերընը՝ նշելով, թե 15 տարի առաջ՝ 1996թ.-ին էին նշանվել:

Իսկ ամուսնությունը 2011թ.-ի սեպտեմբեր ամսին կազմակերպվեց:

Մեկ շաբաթ անց 43-ամյա Ջոնը կյանքից հեռացավ:

Արտաարգանդային բեղմնավորման չորրորդ փորձից առաջ բժիշկները Քերընին զգուշացրել էին, որ, տարիքն ու ձվաբջիջների որակը հաշվի առնելով, բարեհաջող ելքի հավանականությունն ընդամենը 1 տոկոս է կազմում:

Քերընը մտաբերում է այն օրը, երբ հասկացավ, որ երեխայի է սպասում:

«Երբ հղիության թեստը դրական պատասխան տվեց, Ջոնի աճյունասափորը ձեռքիս էր: Անդընդհատ նայում էի ու ծիծաղում: Հավատս չէր գալիս, որ ստացվել է», - պատմում է նա:

Հիմա, երբ դուստրը ժպտում է, Քերընը գիտի, որ դա նաեւ ամուսնու ժպիտն է՝ դստեր ու իր համար…

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում