Ավելորդ քաշը կարող է շաքարախտի զարգացման ռիսկի հիմնական գործոն լինել․ հետազոտություն

2 սեպտեմբերի, 2020  22:13

Ավելորդ քաշը կարող է շաքարախտի զարգացման ամենակարեւոր գործոնը լինել, իսկ նիհարելը կարող է կանխել հիվանդությունը կամ նույնիսկ հետ շրջել դրա զարգացումը: Այս եզրակացությանն են հանգել Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) եւ Միլանի (Իտալիա) համալսարանների գիտնականները: Նրանց ուսումնասիրության մասին, որի արդյունքները ներկայացվել են Սրտաբանության եվրոպական ընկերության համագումարում, հաղորդվում է EurekAlert-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Վերոհիշյալ մասնագետները վերլուծել են 445 765 մարդու (միջին տարիքը՝ 57,2) տվյալները, որոնք մասնակցել են UK Biobank-ի հետազոտությանը՝ նվիրված տարբեր հիվանդությունների զարգացման համար գենետիկ հակմանը եւ շրջակա միջավայրի ազդեցությանը:

2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը գնահատել են 69 միլիոն գեների, ինչպես նաեւ մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) ներդրման հիման վրա: Բոլոր մասնակիցները բաժանվել են 5 խմբի՝ կախված գենետիկ ռիսկից, եւ 5 խմբի՝ կախված ՄԶԻ-ով որոշվող ռիսկից:

Կամավորներին հետեւել են մի քանի տարի, մինչեւ միջին տարիքը հասել է 65,2 տարեկանի: Այս ժամանակահատվածում 31 298 մարդու մոտ 2-րդ տիպի շաքարախտ է զարգացել: Հետաքրքիր է, որ ամենաբարձր ՄԶԻ (34,5) ունեցող մարդկանց մոտ հիվանդության ռիսկը 11 անգամ ավելի բարձր է եղել՝ համեմատած ամենացածր ՄԶԻ ունեցող խմբի (միջինը 21,7) մասնակիցների հետ: Այս փոխկապակցվածությունը պահպանվել է՝ անկախ գենետիկ հակումից, ուստի պարզվել է, որ մարմնի քաշը շաքարախտի զարգացման ավելի հզոր գործոն է, քան գենետիկ հակումը:

Հետազոտության հեղինակների խոսքերով՝ արդյունքները ցույց են տալիս, որ շաքարախտի դեպքերի մեծամասնությունից կարելի է խուսափել ՄԶԻ-ն նորմայի սահմաններում պահպանելու դեպքում: Նրանք խորհուրդ են տալիս պարբերաբար գնահատել մարմնի զանգվածի եւ հասակի հարաբերակցությունը եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում