Երեք դեղամիջոցների համադրությունը կարող է նվազեցնել թոքերի քաղցկեղից մահվան ռիսկը. հետազոտոթյուն

21 սեպտեմբերի, 2020  14:50

Երեք դեղամիջոցների (մետֆորմին, ստատիններ եւ ասպիրին) համադրությունը կարող է նվազեցնել թոքերի քաղցկեղից մահվան ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել Սոնգգյունգվան համալսարանի (Հարավային Կորեա) հետազոտողները:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կորեացի հիվանդների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ դրական ազդեցությունը կարելի էր տեսնել այն հիվանդների մոտ, ովքեր միանգամից երեք դեղամիջոց են ընդունել (ամբողջ խմբի մոտ 3.4 տոկոսը կամ 23.163 մարդ): Դեղերի այս համադրությունը 17 տոկոսով նվազեցրել է հիվանդացության եւ մահացության մակարդակը:

Հետազոտությունը պարզել է նաեւ, որ որքան երկար են մարդիկ օգտագործել այդ դեղերը, այնքան ազդեցությունն ավելի ուժեղ է եղել: Այդ համադրությունը նաեւ որպես բավականին արդյունավետ կանխարգելիչ թերապիա է գործել թոքերի քաղցկեղի դեմ:

Ավելի վաղ ապացուցվել էր, որ ասպիրինն ու մետֆորմինը սիներգիստորեն արգելակում են քաղցկեղի բջիջների բազմացումը` AMP-ակտիվացվող պրոտեինկինազայի միացման միջոցով, որը կարեւոր դեր է խաղում քաղցկեղային բջիջներում լիպոգենեզի կարգավորման գործընթացում (ճարպաթթուների առաջացման գործընթաց):

Ըստ գիտնականների` ասպիրինի, ստատինների եւ մետֆորմինի միաժամանակյա օգտագործումը ճնշում է թոքերի քաղցկեղի բջիջների աճի եւ վերարտադրության հետ կապված մի քանի մոլեկուլային ուղիների ակտիվությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում