Նստակյաց կյանքը կարող է շաքարախտի առաջացմա՞ն հանգեցնել

31 հուլիսի, 2014  20:51

Գաղտնիք չէ, որ ֆիզիկական բարձր ակտիվությունը ճարպակալման եւ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը նվազեցնելու ներուժ ունի: Այդուհանդերձ, երկարատեւ անգործությունը, Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների պնդմամբ, վարժությունների դրական ազդեցությունը չեզոքացնելու սպառնալիք է պարունակում: Ասել է, թե՝ երկար մարզվելուց բացի, նաեւ քիչ նստել է պետք, հաղորդում է The Daily Mail-ը:

Գիտնականների ուշադրության կենտրոնում ցածր ակտիվությամբ բնութագրվող գործողություններն են եղել: Խոսքը միայն գրասենյակային՝ նստակյաց աշխատանքին չի վերաբերել: Հեռուստացույցի առջեւ երկար նստող կամ ժամանցին ասեղնագործությանը տրվող մարդիկ եւս ռիսկային խմբում են ներառված: Հետազոտությանը, ընդհանուր առմամբ, 4000 մարդ է մասնակցել: Հինգ տարիների ընթացքում շաբաթական առնվազն 12 ժամ նստակյաց կյանք վարող եւ ավելի քան 4 ժամ մարզասրահում անցկացնող մասնակիցների մոտ, 25 ժամ նստողների եւ 90 րոպե մարզվողների հետ համեմատությամբ, ճարպակալման 75 տոկոսով ցածր ռիսկ է նկատվել:

Ընդ որում, ազատ ժամերին նստակյաց կյանք վարելու հակումը հատկապես չափահաս մարդկանց շրջանում է նկատելի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում