COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներն ավելի առողջ եւ երիտասարդ են, քան գրիպով հիվանդները. հետազոտություն

8 հոկտեմբերի, 2020  15:17

Սովորաբար հոսպիտալացման կարիք ունեն կորոնավիրուսով հիվանդները, որոնք նաեւ ուղեկցող հիվանդություններ ունեն: Պարզվել է, որ գրիպով հոսպիտալացված հիվանդների մոտ դրանց թիվը նույնիսկ ավելին է: Այս մասին նշվում է Nature Communications-ում հրապարակված հետազոտության մեջ:

Medportal.ru-ի փոխանցմամբ` հետազոտության հեղինակները վերլուծել են COVID-19-ով ավելի քան 34.000 հիվանդի տվյալները: Գիտնականները համեմատել են այդ տվյալները գրիպի պատճառով հոսպիտալացված 85.000 հիվանդի վերաբերյալ նմանատիպ տեղեկատվության հետ:

Գրիպով հիվանդանոցներ ընդունված հիվանդները միջին հաշվով տարիքով ավելի բարձր էին, ընդ որում, կանանց շրջանում նրանք ավելի շատ էին, քան տղամարդկանց: Ավելին, գրիպով հոսպիտալացված հիվանդներն ավելի շատ զուգակցված հիվանդություններ ունեին:

Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով հիվանդների մոտ շատ հաճախ զուգակցված հիվանդություններ են հանդիպում, օրինակ` հիպերտոնիան (24-70 տոկոս), շաքարային դիաբետ (13-43 տոկոս): Սակայն վերջին տարիներին գրիպի պատճառով հոսպիտալացված հիվանդների համեմատ նրանք, կարծես, «ավելի առողջ» են: Գրիպով մարդկանց շրջանում ավելի շատ է թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, սրտանոթային հիվանդություններ եւ դեմենցիա հանդիպել:

«Մենք տեսնում ենք, որ, չնայած COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների վատ առողջությանը, նրանց առողջությունն ավելի վատը չէ, քան գրիպով հոսպիտալացված հիվանդներինը: Սա ընդգծում է COVID-19-ով հիվանդների շրջանում մահացության բարձր մակարդակը»,- ասել է հետազոտության համահեղինակ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Բյորնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում