Քաղցկեղի կանխարգելման համար ե՞րբ է մարզումների լավագույն ժամանակը

15 հոկտեմբերի, 2020  09:49

Առավոտյան եւ երեկոյան մարզումների արդյունավետությունը կարող է միմյանցից տարբերվել։ Ե՞րբ է անհրաժեշտ մարզվել, որ նվազի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Այս հարցի պատասխանը տվել են գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է International Journal of Cancer-ում։

Ցիրկադային ռիթմերի խանգարումները մեծացնում են չարորակ ուռուցքների՝ կանանց դեպքում առաջին հերթին կրծքագեղձի քաղցկեղի եւ տղամարդկանց դեպքում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը, հայտնում է Medportal.ru-ն։ Այս ուռուցքների զարգացման ռիսկի գործոն է համարվում գիշերային հերթափոխում աշխատանքը․ որոշ տվյալներ վկայում են, որ այս հարցում կարեւոր դեր է խաղում գիշերային ժամերին լույսի ազդեցությունը։

Մյուս կողմից՝ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է չարորակ ուռուցքների զարգացման հավանականությունը։ Սակայն մարզումները կարող են տարբեր կերպ ազդել մարդու ցիրկադային ռիթմերի վրա՝ կախված դրանց կատարման ժամանակից։ Նոր հետազոտության հեղինակների ենթադրությամբ՝ մարզումների պաշտպանական ազդեցությունը կախված է այն հանգամանքից, թե երբ են կատարվում՝ առավոտյա՞ն, թե՞ երեկոյան։

Հետազոտության հեղինակները վերլուծել են 2800 մասնակիցներին հետեւելու ընթացքում ստացված տվյալները։ Պարզվել է, որ կրծքագեղձի քաղցկեղի դեմ մարզումների պաշտպանական էֆեկտն իսկապես կարող է ավելի մեծ լինել, եթե կատարվեն առավոտյան՝ ժամը 8-10-ը ժամանակահատվածում։ Հատկանշական է, որ տղամարդկանց շրջանում մարզումների կանխարգելիչ էֆեկտը գործնականում միատեսակ է եղել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան կանոնավոր մարզումների դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում