Քնի մեջ ապնոեով տառապող մարդիկ մեծ հավանականությամբ հայտնվում են հիվանդանոցում գրիպով վարակվելուց հետո. հետազոտություն

20 հոկտեմբերի, 2020  13:35

Քնի մեջ օբստրուկտիվ ապնոեով տառապող մարդիկ մեծ հավանականությամբ հայտնվում են հիվանդանոցում գրիպով վարակվելուց հետո: Այս մասին ասվում է Journal of Clinical Sleep Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ:

Ըստ հետազոտության տվյալների՝ պացիենտները, որոնք տառապում են քնի մեջ օբստրուկտիվ ապնոեով, սակայն չեն օգտվել ՍԻՊԱՊ-թերապիայից, մեծ հավանականությամբ հայտնվում են հիվանդանոցում գրիպի պատճառով. պացիենտների 61%-ը (28-ից 17-ը), որոնք ՍԻՊԱՊ-թերապիա չեն անցել կամ չեն պահպանել ռեժիմը, հայտնվել են հիվանդանոցում՝ ի տարբերություն պացիենտների 24%-ի (25-ից 6-ը), որոնք հետեւել են նշանակված թերապիային:

Վիճակագրական անալիզը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք չեն օգտվել վերոնշյալ թերապիայից, գրեթե 5 անգամ ավելի հաճախ են հայտնվել հիվանդանոցում գրիպով՝ չնայած պատվաստման բարձր մակարդակին:

«Մեր հետազոտությունը ենթադրում է, որ քնի մեջ օբստրուկտիվ ապնոեով տառապող մարդիկ, որոնք օգտվել են ՍԻՊԱՊ-թերապիայից, քիչ հավանականությամբ են հայտնվում հիվանդանոցում գրիպի պատճառով»,-ասել է հետազոտության համահեղինակ, Դարթմութ-Հիչքոքի անվան բուժկենտրոնի բժշկության, հոգեբուժության եւ նյարդաբանության ամբիոնի դոցենտ Գլեն Գրինոֆը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում