Կարո՞ղ է արդյոք պահպանվել կորոնավիրուսի դեմ երկարատեւ իմունիտետը եւ կարելի՞ է արդյոք նորից վարակվել

27 հոկտեմբերի, 2020  20:03

Եթե մարդը հիվանդացել է կորոնավիրուսային վարակով, դա չի պաշտպանի նրան նորից վարակվելուց: COVID-19-ից ապաքինված մարդկանց օրգանիզմում կորոնավիրուսի դեմ հակամարմինների քանակը ժամանակի ընթացքում կարող է նվազել, ինչը հանգեցնում է բնական իմունիտետի նվազման եւ կրկին վարակվելու ռիսկի մեծացման: Այս մասին նախազգուշացնում են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հետազոտության հեղինակները 5 ամսվա ընթացքում վերլուծել են ավելի քան 365 000 մարդու մոտ հակամարմինների կոնցենտրացիան: Բոլոր տարիքային խմբերում հակամարմինների քանակը ժամանակի ընթացքում նվազել է, իսկ տարեց մարդկանց մոտ այն ավելի շատ է ընկել, քան երիտասարդների մոտ: Հակամարմինների կոնցենտրացիայի ինտենսիվ նվազումը կապված է նաեւ հիվանդության անախտանիշ ընթացքի հետ:

Այս ամենը նշանակում է, որ կորոնավիրուսային վարակի նկատմամբ իմունային արձագանքը, ընդհանուր առմամբ, նման է գրիպի կամ ՍՇՎՎ առաջացնող վիրուսների արձագանքին։ Այսինքն ապաքինվածները կոլեկտիվ երկարատեւ իմունիտետ չեն ունենա, եւ նույն պացիենտը կարող է վարակվել ամեն տարի կամ նույնիսկ ավելի հաճախ: Չնայած դրան, գիտնականները չեն բացառում, որ արդյունավետ պատվաստանյութը ավելի լավ կաշխատի եւ կարող է ավելի երկար պաշտպանություն ապահովել, քան բնական իմունիտետը:

Նշենք, որ գիտական գրականության մեջ եւ ԶԼՄ-ներում արդեն կորոնավիրուսով վերավարակման շատ դեպքեր են նկարագրվել՝ առնվազն մեկ պացիենտ արդեն մահացել է կրկնակի վարակումից, եւ շատերն ավելի լուրջ բարդությունների են բախվել, քան առաջին վարակի ժամանակ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում