ՄԻԱՎ-ի թեստավորման հասանելիության բարձրացումը հիվանդության պայքարում կարեւոր դեր կխաղա. փոխնախարար

2 դեկտեմբերի, 2020  14:06

Ամբուլատոր օղակում ՄԻԱՎ-ի թեստավորման հասանելիության բարձրացումը հիվանդության պայքարում կարեւոր դեր կխաղա. Երեւանում եւ մարզային մի քանի պոլիկլինիկաներում այս նպատակով պիլոտային ծրագիր է անցկացվում: Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Նրա խոսքով՝ պիլոտային ծրագրի շրջանակում պոլիկլինիկաների աշխատակիցները վերապատրաստվում են, ինֆորմացիա են ստանում մարդու իրավունքների, գաղտնիության, թեստավորման կարեւորության, ՄԻԱՎ-ի ախտանիշների եւ մի շարք այլ բաների մասին: Պոլիկլինիկաներին տրամադրվում են նաեւ արագ թեստեր, որոնցով խոսեցի խմբերը կարող են թեստավորվել, իսկ դրական պատասխան ստանալու դեպքում՝ ուղեգրվել մասնագիտացված բուժման:

Փոխնախարարի խոսքով՝ թեսավորման հասանելիոիթյունը առաջնահերթ խնդիր է. երբ մարդը գիտի կարգավիճակի մասին, նա կարող է անվճար բուժում ստանալ եւ ապրել այնքան, ինչքան կապրեր, եթե չունենար ՄԻԱՎ:

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր քննարկվում էր Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում, ինչպես նաեւ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Լենա Նանուշյանի խոսքով՝ նախագծերի փաթեթեի նպատակն է ուժեղացնել մարդու (հատկապես ՄԻԱՎ-ով ապրող անձանց) իրավունքների պաշտպանությունը, բժշկական ծառայությունների եւ թեստավորման հասանելիության բարձրացումը բոլոր խմբերի համար, ինչպես նաեւ այս բոլոր գործընթացների ամապատասխանեցումը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային նոր մոտեցումների սկզբունքներին:

Օրենքի հիմնական փոփոխությունը, փոխնախարարի խոսքով, կապված է բժշկական գաղտնիքի հետ: Այն նաեւ մարդկանց՝ ՄԻԱՎ-ով ապրելու կարգավիճակի վերաբերյալ տվյալների փոխանցման հետ կապված որոշակի դրույթներ եւ սկզբունքներ է սահմանում: Իսկ քրեական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունը կարգավորում է ՄԻԱՎ-ի փոխանցման հետ կապված պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում