• Latest news

Հակատուբերկուլյոզային բաժանմունքները փակվել են թերծանրաբեռնվածության պատճառով – ԱՆ

17 դեկտեմբերի, 2013  12:15

Հայաստանի կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ փակվել են Արտաշատի, Արմավիրի, Ապարանի, Գավառի եւ Իջեւանի հիվանդանոցների  հակատուբերկուլյոզային բաժանմունքները։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել , որ փակվում են նաեւ Գյումրիի եւ Վանաձորի բաժանմունքները, բայց դա սխալ տեղեկատվություն է, NEWS.am Medicine-ին ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության հակատուբերկուլյոզային Ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը:

Նա պարզաբանեց, որ Գավառի եւ Իջեւանի բաժանմունքները, որոնք բացվել էին  2006 թվականին, ստեղծման օրվանից իրականում չեն աշխատել ։ Այսինքն, փաստացի, փակվել է երեք հակատուբերկուլյոզային բաժանմունք՝ Արտաշատում, Արմավիրում եւ Ապարանում։

«Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2006 թվականից տուբերկուլյոզի հիվանդացիությունը Հայաստանում նվազում է, եւ նշված բաժանմունքները աշխատում էին թերծանրաբեռնված։ Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ հոսպիտալացվող հիվանդների մի մասը կարող է բուժումը ստանալ առաջնային օղակում, պոլիկլինիկաներում», - ասաց Ա. Հայրապետյանը, հավաստիացնելով, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում կան տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներ։

Արմավիրի, Արտաշատի եւ Ապարանի հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդները, աշխարհագրական դիրքից ելնելով, կտեղափոխվեն կամ Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր, կամ Երեւանի քաղաքային։ 

Գյումրիի, Վանաձորի եւ Կապանի բաժանմունքները չեն ներառվել այդ որոշման մեջ, հաշվի առնելով Երեւանից հեռավորությունը եւ նրանց ծանրաբեռնվածությունը, պարզաբանեց Ա. Հայրապետյանը, բայց շեշտեց, որ Գորիսի բաժանմունքը հետագայում եւս կփակվի, որովհետեվ Սյունիքի մարզում կարելի է ունենալ մեկ այդպիսի բաժանմունք (Կապանում), ավելի լավ զինված եւ նորոգված։ 

Ա. Հայրապետյանը հավաստիացրեց, որ այդ բաժանմունքների փակման հետ կապված տեղերում ոչ մի բողոք չի եղել, բոլոր բժիշկները աշխատանքով ապահովված են, քանի որ նրանք աշխատում են նաեւ առաջնային բուժօգնության օղակում, եւ բոլոր հիվանդները ստանում են անհրաժեշտ խնամք։

«Այսօր մենք Հայաստանում ունենք 300 մահճակալ Աբովյանում, 47 մահճակալ՝ Երեւանում, 25՝ Գյումրիում, 15՝ Վանաձորում, եւ 30՝ Կապանում։ Սա բավարար թիվ է Հայաստանի տուբերկուլյոզով հիվանդների համար։ Եթե մենք ունենք 1100- 1150 բուժվող հիվանդ, ապա ստացիոնար բուժվողները կարող են կազմել մոտ 300, եւ բնական է, որ եղած բաժանմունքները թերծանրաբեռնված էին աշխատում։ Եվ իմաստ չունի հենց այնպես ֆինանսավորում վատնել, որի դեմ դու արդյունք չես ստանում, ավելի լավ է այդ գումարները ավելի նպատակային ծախսել», - ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll