Հայաստանում 2020 թվականին գրանցվել է քաղցկեղի 7050 նոր դեպք. որո՞նք են ամենատարածված տեսակները

4 փետրվարի, 2021  14:43

2020 թվականին Հայաստանում գրանցվել է քաղցկեղի 7050 նոր դեպք` մի փոքր ավելի քիչ, քան 2018-ին (8672 նոր դեպք) եւ 2019-ին (7908): Այս մասին լրագրողներին հայտնել են առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան Քաղցկեղի ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը եւ Առողջապահության նախարարության` ուռուցքաբանության հարցերով խորհրդական Հայկուհի Գեքկյանը եւ վիճակագրության վարման և կլինիկական հետազոտությունների բաժնի ղեկավար Արեւիկ Ստեփանյանը:

Ըստ մասնագետների` Հայաստանում տարածվածության առումով առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը, որին հաջորդում են թոքերի քաղցկեղը եւ հաստ աղիքի քաղցկեղը: Նման վիճակագրություն այսօր գրանցվում է աշխարհի շատ երկրներում:

Ինչ վերաբերում է մահացությանը, ապա 2018-ին Հայաստանում գրանցվել է քաղցկեղից 5199 մահվան դեպք, 2019-ին` 5434 մահվան դեպք: 2020 թվականի վերաբերյալ դեռ տվյալներ չկան. մասնագետները նախատեսում են արդյունքներն ամփոփել մինչեւ ընթացիկ տարվա մարտ:

Այսօր` փետրվարի 4-ին, աշխարհը նշում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը սահմանվել է Քաղցկեղի միջազգային վերահսկողության միության (UICC) կողմից` աշխարհի ուշադրությունն այս գլոբալ խնդրի վրա սեւեռելու համար: 2019-2021 թվականներին Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է «Ես կամ եւ ես կլինեմ» կարգախոսի ներքո:

Այս օրը մասնագետները մարդկանց հիշեցնում են քաղցկեղի զարգացման վրա ազդող ռիսկի գործոնների մասին: Այս գործոնների շարքում առաջին տեղում անառողջ ապրելակերպն է` սխալ սննդակարգը, ծխելը, ալկոհոլ օգտագործելը եւ այլ գործոններ, որոնք էապես մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում