ԱՀԿ. Մինչեւ 2050 թվականը յուրաքանչյուր 4-րդ մարդը լսողության հետ կապված խնդիրներ կունենա

2 մարտի, 2021  14:58

Մինչեւ 2050 թվականն աշխարհի յուրաքանչյուր չորրորդ բնակիչ լսողության հետ կապված խնդիրներ կունենա: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` կոչ անելով ավելի շատ ներդրումներ կատարել կանխարգելման եւ բուժման մեջ:

Լսողության վերաբերյալ պատմության մեջ առաջին համաշխարհային զեկույցում նշվում է, որ լսողության հետ կապված խնդիրների բազմաթիվ պատճառներ (ինչպիսիք են վարակները, հիվանդությունները, բնածին արատները, աղմուկի ազդեցությունը եւ կենսակերպի ընտրությունը) կարելի է կանխարգելել:Զեկույցում նաեւ միջոցառումների փաթեթ է առաջարկվում, որը տարեկան մեկ անձի համար 1.33 դոլար կարժենա: Ավելին, մասնագետների գնահատմամբ, տարեկան մոտ տրիլիոն ԱՄՆ դոլար է կորչում, քանի որ խնդիրը պատշաճ լուծում չի ստանում:

Զեկույցի համաձայն` ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդը լսողության հետ կապված խնդիր ունի: Հաջորդ երեք տասնամյակների ընթացքում այս թիվը կարող է աճել ավելի քան 1.5 անգամ` 2.5 միլիարդ մարդ կազմելով` 2019-ին 1.6 միլիարդի համեմատ: Այդ 2.5 միլիարդից 700 միլիոնը 2050 թվականին որեւէ բուժում պահանջող բավական լուրջ հիվանդություն կունենա` 2019-ին 430 միլիոնի համեմատ:

Լսողության հետ կապված խնդիրների հիմնական պատճառն առողջապահական խնամքի մատչելիության բացակայությունն է, ինչը հատկապես նկատելի է ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ դրանց բուժման համար ավելի քիչ մասնագետներ կան:

Քանի որ լսողության կորուստ ունեցող մարդկանց գրեթե 80 տոկոսն ապրում է այդպիսի երկրներում, նրանց մեծ մասն անհրաժեշտ օգնություն չի ստանում: Զեկույցում նշվում է, որ նույնիսկ ավելի լավ պայմաններով ավելի հարուստ երկրներում բժշկական օգնությունը հաճախ անհամաչափ է: Ճշգրիտ տեղեկատվության բացակայությունը եւ ականջների հիվանդությությունների եւ լսողության կորստի ստիգմատիզացիան նույնպես թույլ չեն տալիս մարդկանց անհրաժեշտ օգնություն ստանալ:

«Նույնիսկ բուժաշխատողների գիտելիքները հաճախ բավարար չեն ականջի հիվանդության եւ լսողության կորստի կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման համար»,- ասվում է զեկույցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում