Սննդի հետ անառողջ հարաբերությունները աղիքային մանրէների աշխատանքի արդյո՞ւնք են

18 օգոստոսի, 2014  20:01

Քալիֆորնիայի, Արիզոնայի եւ Նյու-Մեքսիկոայի համալսարանների գիտահետազոտական անձնակազմի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ մարդու օրգանիզմում բնակվող մանրէները նրա տրամադրության եւ սննդային վարքագծի վրա անդրադառնում ներուժ ունեն, հաղորդում է News-Medical.net կայքը:

Երեւույթի պատճառն այն է, որ մանրէները սննդամթերքի այս կամ այն տեսակի սպառման նկատմամբ որոշակի շահագրգռվածություն են դրսեւորում. չէ՞ որ դրանց մեջ կարող են այնպիսի նյութեր լինել, որոնք, ի վերջո, հիշյալ մանրէների աճին են նպաստում: Դրանց մի մասը կարող է ճարպի պահանջ ունենալ, մյուսները՝ շաքարի, ուստի եւ ստամոքսաաղիքային համարգում համապատասխան ազդանշանային մոլեկուլներն են արտազատում: Հենց դա է պատճառը, որ սննդամթերքի որոշ տեսակներ մարդու մոտ կարող են առանձնակիորեն հաճելի զգացողություններ արթնացնել: Ընդ որում, մանրէների եւ օրգանիզմի միջեւ կապն, ամենայն հավանականությամբ, ստամոքսաաղիքային տրակտում առկա 100 միլիոնավոր նյարդային բջիջներն ուղեղաբնին միացնող թափառող նյարդերի օգնությամբ է իրականացվում:

Ստամոքսաաղիքային համարգը անմիջականորեն նաեւ օրգանիզմի իմունային, էնդոկրին եւ նյարդային համակարգերի հետ է կապված: Այդ է պատճառը, որ, օրինակ, Lactobacillus casei-ի համադրությամբ պրոբիոտիկների օգտագործումը կարող է տրամադրության բարելավման հանգեցնել: Ընդ որում, տվյալներ կան այն մասին, որ ուռուցքների աճը միկրոբիոմի (մանրէների ամբողջությունը) առանձնահատկություններով է պայմանավորվում: Խոսքը, մասնավորապես, ստամոքսի քաղցկեղի մասին է: Սակայն, ինչպես հայտնի է, սննդակարգի կազմը փոխելով, նույնիսկ մեկ օրվա ընթացքում կարելի է միկրոբիոմի նշանակալի փոփոխության հասնել: Իսկ այն, որ վերջինս օրգանիզմին հարմարվելու միտում ունի, ճապոնացիների օրգանիզմում առկա՝ ջրիմուռներ մարսող հատուկ մանրէները կարող են վկայել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում