Նոր թեստ-համակարգը հնարավորություն կտա հայտնաբերել կորոնավիրուսի հակամարմինները կենդանիների մոտ

24 հունիսի, 2021  11:15

Ռուս գիտնականներն առաջարկում են կենդանիների մոտ կորոնավիրուսի հակամարմինների հայտնաբերման համար օգտագործել նոր համակարգ լայնորեն տարածված իմունաֆերմենտային անալիզի (ԻՖԱ) հիման վրա։  Այդ թեստ-համակարգը հայտնաբերում է միայն SARS-CoV-2-ի հատուկ չեզոքացնող հակամարմինները կենդանիների օրգանիզմում։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, թեստ-համակարգը բազմատեսակային է, այսինքն՝ նախատեսված է կենդանիների ամենատարբեր տեսակների արյան նմուշների զննման համար։ Այն արդեն թեստավորել են մի հետազոտության ընթացքում, որում օգտագործվել է կատուների, շների, խոզերի, կզաքիսների, ջրաքիսների եւ աղվեսների կենսաբանական նյութը։

Թեստ-համակարգը նաեւ թույլ է տալիս գնահատել կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունավետությունը եւ որոշում կայացնել դեղամիջոցի լրացուցիչ չափաբաժիններ ներարկելու անհրաժեշտության մասին։ Թեստ-համակարգի սպեցիֆիկությունը եւ զգայականությունը մասնագետները ստուգել են կենդանիների վրա, այդ թվում՝ ներարկված «Կարնիվակ-Կով»-ով. աշխարհում առաջին պատվաստանյութն է կենդանիների համար, որն ստեղծել է գիտնականների նույն խումբը։

Հետազոտությունը ցույց է տվել թեստի բարձր զգայականություն ու սպեցիֆիկություն. չպատվաստված կենդանիների մոտ այն բացասական արդյունք է ցուցաբերել, իսկ բոլոր պատվաստվածների մոտ թույլ է տվել վերհանել SARS-CoV-2 վիրուսի սպեցիֆիկ հակամարմիններ։

Ներկայում թեստ-համակարգը կիրառվում է միայն գիտահետազոտական նպատակներով, սակայն շուտով հասանելի կլինի ձեռնարկությունների եւ մասնավոր անձնաց համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում