Նորվեգիայում մինչեւ 30 տարեկան յուրաքանչյուր 2-րդ պացիենտը թեթեւ COVID-19-ից հետո երկարատեւ հետեւանքներ է ունենում

25 հունիսի, 2021  11:35

Հետքովիդյան համախտանիշը կարող է սպառնալ նույնիսկ այն պացիենտներին, ում մոտ կորոնավիրուսային վարակը թեթեւ ձեւով է ընթանում: Ավելին, նույնիսկ 30 տարեկան երիտասարդները պարբերաբար բախվում են նմանատիպ հետեւանքների:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Բերգենի համալսարանի գիտնականները վերլուծել են 312 մարդու բժշկական քարտերը, որոնց Նորվեգիայում հիվանդության առաջին ալիքի ժամանակ COVID-19 են ախտորոշել: Նրանցից 65-ը հոսպիտալացվել են բարդություններով, մնացածները բուժվել են տանը:

6 ամիս դիտարկումներից հետո այս խմբի բոլոր պացիենտների 61%-ը դեռ COVID-19-ի մեկ կամ մի քանի ախտանիշ է զգացել: Ամբուլատոր պայմաններում բուժվողների, այսինքն նրանց խմբում, ովքեր հիվանդության թեթեւ ընթացք են ունեցել, հետազոտության մասնակիցների 55%-ը հայտնել է կորոնավիրուսային վարակի երկարատեւ հետեւանքների մասին: Հիմնական բացահայտումն այն էր, որ այս պացիենտների կեսից ավելին (52%) շատ երիտասարդ է եղել` 16-30 տարեկան:

Հետազոտության մասնակիցները ամենից հաճախ բողոքել են հոտի եւ համի խանգարումից (28%), քրոնիկ հոգնածությունից (21%), շնչարգելությունից (13%), ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներից (13%) եւ հիշողության վատացումից (11%):

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում