Ամենաերկար արտարգանդային հղիությունը տեւել է 38 տարի

21 օգոստոսի, 2014  17:18

Հնդկաստանի կենտրոնական նահանգներից մեկի՝ Մադխյա-Պրադեշի բնակչուհիներից մեկի մոտ 1978 թ.-ին արտարգանդային հղիություն էր ախտորոշվել: Բժիշկները 24-ամյա կնոջն անմիջապես զգուշացրել էին, որ կենդանի երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը գրեթե զրոյական է, հաղորդում է The Daily Mail-ը: Եվ քանի որ հղիությունը անտանելի ցավերով էր ուղեկցվում, կինը դրանցից ազատվելու եղանակ էր գտել: Երբ ցավերն անցել էին, որոշել էր, թե հարցը լուծված կարելի է համարել: Ծննդաբերությունն էլ, ի վերջո, վրա չէր հասել: Երեխան մինչ այդ մահացել էր, եւ կինը, պտղի հեռացմանը միտված վիրահատությունից սարսափելով, փախուստի էր դիմել հիվանդանոցից:

Ներկայումս արդեն 62 տարեկան կնոջ մոտ վերջերս նոր ցավեր էին սկսվել, եւ երբ բժիշկների օգնությանն էր դիմել՝ համակարգչային տոմոգրաֆիան պարզել էր, որ մինչեւ հիմա որովայնում փոքրիկի կմախքն է կրում: Մասնագետների համոզմամբ, առավել երկար տեւողությամբ արտարգանդային հղիություն մինչ այժմ չի գրանցվել: Չէ՞ որ հիշյալ պարագայում այն 38 տարի է տեւել:

Այդպես էլ լույս աշխարհ չեկած փոքրիկի ոսկրերը հեռացնելու նպատակով բժիշկները ստիպված էին վիրահատական միջամտություն նախաձեռնել: Կնոջ որովայնում դրանք հյուսվածքների կալցիումացված գնդի տեսք էին ստացել: Իսկ մինչ այդ հիվանդին թվում էր, թե քաղցկեղ ունի՝ որովայնի հատվածում ուռուցք էր զգացել: Անտանելի ցավերը, տենդն ու միզուղիների հետ կապված խնդիրներն էլ մյուս կողմից հանգիստ չէին տալիս:

Սակաйն բոլոր հետազոտություններով հաստատվել էր, որ ուռուցքի տակ հենց պտուղն է թաքնված: Այն արգանդի, աղիքների եւ միզապարկի արանքում էր կիպ տեղավորվել, ամնիոտիկ հեղուկը, ամենայն հավանականությամբ, կնոջ օրգանիզմի կողմից էր ներծծվել, իսկ պտղի փափուկ հյուսվածքներն էլ, միայն ոսկրերը թողնելով, հեղուկների վերածվել: Տարիներ անց ոսկրերը սկսել էին միզապարկի նկատմամբ ճնշում գործադրել եւ երիկամների աշխատանքի վրա անդրադառնալ:

Նմանատիպ դեպքերը, դժբախտաբար, անմասն չեն բժշկական պրակտիկայից: Օրինակ՝ Բելգիայի բնակչուհիներից մեկը մահացած պտուղը որովայնում 18 տարի է պահել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում