Իհարկե, Հայաստանում էլ շրջանառվում է. Անահիտ Ավանեսյանը՝ կորոնավիրուսի դելտա շտամի մասին

26 հուլիսի, 2021  13:50

Հայաստանում կորոնավիրուսի դելտա շտամը դեռ չի հայտնաբերվել սեկվենավորման հետազոտությունների ժամանակ, սակայն շտամը երկրում, իհարկե, շրջանառվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, Հայաստանն այսօրվա դրությամբ ունի բաց սահմաններ եւ Ռուսաստանի, եւ Վրաստանի հետ, որտեղ այս շտամն արդեն հայտնաբերված է, բացի այդ, Եվրոպական շատ երկրներում այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում: Այդ իսկ պատճառով այն ամենայն հավանականությամբ ներթափանցել է նաեւ Հայաստան, ուղղակի դեռ չի հայտնաբերվել հետազոտությունների ընթացքում:

Նախարարի պաշտոնակատարը նաեւ նշեց, որ վերջին օրերին Հայաստանում նկատվում է կորոնավիրուսով հիվանդացության որոշակի աճ, իսկ աշնան առաջի կեսին կա հիվանդացության նոր ալիքի գալու վտանգ: Ավանեսյանի խոսքով, շատ կարեւոր է, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի՝ համավարակը կառավարելի պահելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում