Ինչպիսին է թերապեւտի աշխատասենյակում ՍՇՎՎ-ով վարակվելու հավանականությունը

5 օգոստոսի, 2021  23:24

Ներհիվանդանոցային վարակները բավական տարածված խնդիր են, սակայն ամբուլատորիաներում վարակների խնդիրը շատ ավելի քիչ է ուսումնասիրված: Այդ բացը որոշել են լրացնել Մինեսոտայի համալսարանի գիտնականները, որոնք վերլուծել են 2016-2017 թվականների ընթացքում 6700 առաջնային օգնության սենյակներում ավելի քան 105,4 միլիոն ամբուլատոր այցելությունների տվյալները:

Գիտնականներն առանձնացրել են շնչառական վարակներով բժշկի դիմած պացիենտներին, որոնք ջերմություն, կոկորդի ցավ, քթից հոսք են ունեցել: Նրանք նաեւ ուսումնասիրել են այն պացիենտների տվյալները, որոնք ՍՇՎՎ-ի նշաններ ունեցող անձից հետո նույն օրը այցելել են թերապեւտի, եւ հետեւել գրիպի նման ախտանիշներով նրանց կրկնակի այցերին:

Պարզվել է, որ 1000 մարդուց միջինը 2,7-ը ստիպված են եղել նորից դիմել մասնագետի՝ շնչառական վարակի նշաններով: Ըստ գիտնականների՝ գրիպի նման ախտանիշներով անձից հետո բժշկի սենյակ մուտք գործածների մոտ ՍՇՎՎ-ով վարակվելու հավանականությունը 31,8%-ով ավելի է եղել, քան նրանց մոտ, ովքեր բժշկի մոտ նրանից առաջ են եղել: Այս ռիսկը մեծացել է նաեւ այն պատճառով, որ որոշ բժիշկներ անտեսում են յուրաքանչյուր պացիենտից հետո ձեռքերը պարտադիր լվանալու կանոնը:

Ըստ գիտնականների՝ բժշկական հաստատությունները պետք է հոգան վարակների վերահսկողության ուժեղացման մասին եւ առանձնացնեն շնչառական ախտանիշներով եւ առանց դրանց պացիենտների հոսքերը, իսկ բժիշկները պետք է դիմակներ եւ այլ պաշտպանիչ միջոցներ օգտագործեն, նույնիսկ եթե COVID-19-ի վտանգը մնա անցյալում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում