Ինչո՞ւ են տարեց մարդիկ ավելի քիչ քնում

23 օգոստոսի, 2014  18:11

Գիտնականներին վաղուց էր հետաքրքրում այն հարցի պատասխանը, թե ինչու են տարեց մարդիկ ավելի քիչ քնում: Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեւույթի պատճառը կարող է ուղեղի վենտրոլատերալ նախաօպտիկական գոտում առկա նեյրոնների մահացությունը լինել, հաղորդում է Upstart Magazine-ը: Մասնավորապես, հիշյալ նեյրոնների պակասորդով աչքի ընկնող լաբորատոր առնետների մոտ փորձագետները ծանր անքնություն են հայտնաբերել: Արդյունքում պարզվել է, որ դրանք քնի եւ արթուն վիճակի կարգավորմամբ են զբաղվում: 

Գիտնականներն իրենց փորձարկումները նաեւ մարդկանց նկատմամբ են իրականացրել: Հետազոտության շուրջ 1000 մասնակիցները համաձայնել են երկու տարին մեկ՝ 7-10 օր տեւողությամբ դաստակին փոքրիկ՝ բոլոր շարժումները գրանցող սարք կրել: Հավաքագրված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ տարեց, ինչպես նաեւ՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մասնակիցների մոտ ուղեղի վենտրոլատերալ նախաօպտիկական գոտում առկա նեյրոնների թվաքանակի կրճատում է նկատվում: Փորձարկման հիշյալ մասնակիցները, 20 տարեկան երիտասարդների հետ համեմատությամբ, օրական միջինը մեկ ժամ պակաս են քնին հատկացրել:

Գիտնականները վստահ են, որ բացահայտումը կարող է անքնության դեմ նոր՝ քնի խանգարում հրահրող հատուկ նեյրոնների վրա անհրաժեշտ ազդեցություն ապահովող դեղամիջոցների մշակման հանգեցնել եւ որ, ի տարբերություն ներկայումս կիրառվող քնաբերների, նոր դեղամիջոցները զերծ կլինեն բազմաթիվ կողմնակից ազդեցություններ հարուցելու վտանգից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում