Որքա՞ն ժամանակ է պահպանվում COVID-19-ից ապաքինվածների իմունիտետը

14 հոկտեմբերի, 2021  11:41

COVID-19-ից ապաքինվածների արյան մեջ հակամարմինների մակարդակը նվազում է կես տարվա ընթացքում։ Այսպիսի եզրակացության է եկել գիտնականների խումբը Շվեդիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Չինաստանից։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով bioRxiv էլեկտրոնային գրադարանին,  կես տարի հետո հակամարմինների ցուցանիշը մնում է կայուն մինչեւ 15-րդ ամիսը։

Հետազոտության հեղինակները հավաքել են 136 մարդու արյան 190 նմուշներ, որոնց մոտ COVID-19-ն ընթացել է թեթեւ կամ ծանր ձեւով։ Հակամարմինների ամենաբարձր ցուցանիշը հայտնաբերվում էր վարակվելուց հետո 5-28-րդ օրը, ինչից հետո IgG հակամարմինների եւ հակամարմիններով պլազմայի իմունային պատասխանը վարակին աստիճանաբար նվազում էր ժամանակի ընթացքում եւ հավասարվում կես տարուց հետո։

Գիտնականների խոսքով՝ հակավիրուսային իմունիտետը, հատկապես հիշողության B-բջիջներինը, կորոնավիրուսից ապաքինվածների մոտ պահպանվում է երկար ժամանակ։ Բայց որոշ շտամներ, օրինակ՝ «դելտան», կարողանում են շրջանցել հակամարմինների չեզոքացնող ազդեցությունը պլազմայում, եւ դա շատ կարեւոր է նկատի ունենալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում