ԱՀԿ. Փակ տարածքներում էլեկտրական սիգարետ ծխել չի կարելի

26 օգոստոսի, 2014  22:17

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս արգելանք դնել էլեկտրական սիգարետների՝ փակ տարածքներում, մասնավորապես՝ հանրային հաստատություններում եւ աշխատավայրում օգտագործման վրա: Բացի այդ, երեխաները դրանցից օգտվելու հնարավորություն չպետք է ունենան:

Միջազգային կազմակերպությունը հիշեցրել է, որ հիշյալ սարքերի՝ ծխելու սովորությունից հրաժարում խթանելու հատկությունը որեւէ կերպ ապացուցված չէ: Ավելին՝ փորձագետների գնահատմամբ, էլեկտրական սիգարետները կարող են վնասակար լինել անչափահաս երեխաների եւ, հղի կնոջ կողմից օգտագործման պարագայում, պտղի համար, հաղորդում է BBC-ն:

Մասնավորապես, խորհուրդ է տրվում տարբեր համերի կիրառության վրա արգելանք դնել՝ երեխաների համար գրավչության մակարդակը նվազեցնելու նպատակով:

Բացի այդ էլ, առաջարկվում է սարքերի վաճառքը խթանող գովազդային հոլովակների սահմանափակում մտցնել, քանի որ դրանց արդյունքում կարող են նաեւ չծխող մարդիկ մոլորության մեջ ընկնել:

Այդուհանդերձ, բոլորը չէ, որ համաձայն են ԱՀԿ-ի գնահատականների հետ: Փորձագետներից շատերի գնահատմամբ, խիստ սահմանափակումների արդյունքում ավադական սիգարետների համեմատությամբ առավել քիչ վնասակար այլընտրանքների հասանելիության մակարդակի նվազեցում կարող է նկատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում