Աշխարհում ՄԻԱՎ-ով երկրորդ հիվանդն է բուժվել. Ի՞նչ է սա նշանակում

17 նոյեմբերի, 2021  17:32

Աշխարհում երկրորդ հիվանդ կինն է, ըստ նախնական տվյալների, ամբողջությամբ հաղթահարել 1-ին տիպի ՄԻԱՎ վարակը՝ առանց հակավիրուսային թերապիայի կամ ոսկրածուծի փոխպատվաստման։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, ՄԻԱՎ վարակով հիվանդների մեծ մասը հակառետրովիրուսային թերապիայի (ՀՌԹ) կարիք ունի՝ բուժում, որը ճնշում է օրգանիզմում վիրուսի բազմացումը։ Ժամանակակից ՀՌԹ-ն թույլ է տալիս վարակված մարդկանց նորմալ կյանք վարել՝ վիրուսային ծանրաբեռնվածությունը նվազեցվում է մինչեւ աննկատելի մակարդակ, պացիենտները չեն վարակում ուրիշներին, իսկ նրանց կյանքի որակն ու տեւողությունը նույնն են, ինչ ՄԻԱՎ չունեցող մարդկանցը:

Սակայն իմունային անբավարարության վիրուսը տարիների ընթացքում կարող է թաքնվել առանձին բջիջների ներսում եւ նորից հարված հասցնել, եթե մարդը դադարի դեղամիջոցներ ընդունել, կամ եթե վիրուսը հարմարվի դրանց:

Գոյություն ունի նաեւ բուժման փորձարարական մեթոդ, որը մինչ այժմ օգտագործվել է ընդամենը երկու անգամ՝ հազվագյուտ մուտացիայի պատճառով ՄԻԱՎ վարակի նկատմամբ կայուն դոնորից ոսկրածուծի փոխպատվաստում: Դա նման է համակարգչի օպերացիոն համակարգի ամբողջական վերատեղադրմանը: Առայժմ նման գործողությունները համարվում են չափազանց վտանգավոր համատարած օգտագործման համար։

Կա մարդկանց հատուկ խումբ, որոնց անվանում են «էլիտար վերահսկիչներ»։ Սրանք մարդիկ են, որոնց իմունային համակարգը կարող է ինքնուրույն պայքարել ՄԻԱՎ վարակի դեմ: 2020 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ «էլիտար վերահսկիչ» պացիենտներից մեկը, հավանաբար, ամբողջությամբ հաղթահարել է հիվանդությունը։ Գիտնականներին չի հաջողվել վիրուսի հետքեր գտնել նրա ավելի քան մեկ միլիարդ արյան բջիջներում։ Այժմ լուրեր են պտտվում ապաքինված եւս մեկ կնոջ մասին, որին բժշկական գաղտնիքները պահպանելու համար Էսպերանսա են կոչում։

Հետազոտողներին չի հաջողվել ՄԻԱՎ-ի հետքեր հայտնաբերել կնոջ արյան ավելի քան 2 միլիարդ բջիջներում: Եւ եթե առաջին պացիենտը 1992 թվականից էր գտնվում հսկողության տակ, մինչ նրան առողջ համարեցին, Էսպերանսան վիրուսը հայտնաբերելուց մինչեւ հաղթանակ ընդամենը 7 տարում է անցել:

Սակայն առայժմ մասնագետները չեն շտապում հայտարարել վիրուսի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին նույնիսկ այս երկու երջանիկ կանանց համար։ Հրապարակված նյութերում վստահորեն ասում են միայն, որ «էլիտար վերահսկողների» մոտ կենսունակ ՄԻԱՎ չի հայտնաբերվել, ինչը վկայում է վարակի հնարավոր բուժման մասին։ Միաժամանակ մասնագետները կարծում են, որ կան շատ մարդիկ, ովքեր չեն էլ կասկածում, որ հաղթել են ՄԻԱՎ-ին։

«Էլիտար վերահսկիչներին» ուսումնասիրում են, որպեսզի հասկանան, թե ինչն է նրանց իմունային համակարգն այդքան յուրահատուկ դարձնում: Գիտնականները հույս ունեն, որ այս պացիենտների առանձնահատկությունները կօգնեն ՄԻԱՎ-ի ավելի արդյունավետ բուժում գտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում