Ինչպե՞ս է ծագել «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի գաղափարը

29 օգոստոսի, 2014  14:46

«Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբը վերջերս է մեկնարկել եւ անսպասելի տարածում գտել. հազարավոր հայ ծնողներ ֆլեշմոբի շրջանակներում իրենց դուստրերի նկարներն են համացանցում տեղադրում, իսկ ֆլեշմոբին նվիրված ֆեյսբուքյան էջն ընդամենը մեկ շաբաթում 4500-ից ավելի «լայք» է հավաքել:

Արամազդ Ղալամքարյանը՝ ֆլեշմոբի նախաձեռնողներից մեկը, պատմել է լրագրողներին այն մասին, թե երբ եւ ինչպես էր ծագել ֆլեշմոբի գաղափարը:

Պարզվում է, ամեն ինչ սկսել է նրանից, որ Արամազդը համացանցում է տեղադրել իր դստեր լուսանկարը եւ հարց ուղղել այլ հայրերին՝ մի՞թե նրանք էլ չեն ցանկանում նման դուստր ունենալ: Քանի որ վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտները լայն տարածում են գտել Հայաստանում եւ շատերը ցանկանում են տղա երեխաներ ունենալ, հարցը շատ տեղին էր:

«Ես արտահայտել եմ իմ տեսակետը որպես հայր՝ աղջկա հայր, ու իմ անկեղծ խոսքն եմ ուղղել ապագա հայրերին, ապագա մայրերին, սկեսուրներին, սկեսրարներին, տատիկ-պապիկներին՝ առաջարկելով մտածել, թե ինչու ենք մենք ուզում երեխա ունենալ: Արդյո՞ք մենք ուզում ենք դա ուրախություն պարգեւելու համար՝ ինքներս մեզ ու այդ երեխային: Եթե մենք դրա համար ենք ուզում երեխա ունենալ, լսեք անկեղծ խոսք՝ աղջիկը նույնքան ուրախություն կարող է պարգեւել, եթե ոչ ավելի, մանավանդ հայրիկների համար», - ասել է Արամազդ Ղալամքարյանը լրագրողներին:

«Հայրերը, իհարկե, ուզում են տղա ունենալ, բայց գնալ սպանության՝ կյանքի ընդհատման, միայն նրա համար, որ սաղմը ունի իգական սեռ՝ դա չի տեղավորվում տրամաբանության կամ բարոյականության սահմաններում», - հավելել է նա:

Նրա՝ աղջկա լուսանկարը տեղադրելուց հետո Զարա Բուդաղյանի մոտ ծագել է ֆլեշմոբի գաղափարը, եւ շատ եւ շատ ծնողներ սկսել են իրենց աղջիկների լուսանկարները տեղադրել: Ֆեյսբուքում նաեւ համապատասխան «հեշթեգեր» են ստեղծվել՝ ‪#‎իսկդուունեսաղջիկ, ‪#‎իսկդուաղջիկունես եւ ‪#‎ֆլեշմոբընդդեմսելեկտիվաբորտների:

Ֆլեշմոբի նախաձեռնողների խոսքով՝ նրանք չէին էլ սպասում, որ այն այսպիսի տարածում կստանա:

Այնուհետեւ գաղափար ծագեց հատուկ էջ նվիրել ֆլեշմոբին, ինչն իրականացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կամավորներից մեկը:

Եթե աղջիկ երեխաներ ունեք, միացեք սելեկտիվ աբորտների դեմ պայքարին եւ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբին՝ տեղադրելով էջին Ձեր դստրերի նկարները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում