Ուղեղի մագնիսական խթանումը հիշողության գործառույթի բարելավման է հանգեցնում

1 սեպտեմբերի, 2014  20:41

Ամերիկացի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուղեղի մագնիսական խթանումը հիշողության գործառույթը բարելավելու ներուժ ունի: 

Փորձարկման 21-40 տարեկան 16 մասնակիցները երկու խմբի են բաժանվել: Առաջին խմբում ներգրավվածները 5 օր շարունակ ուղեղի տրանսկրանիալ մագնիսական խթանման են ենթարկվել, յուրաքանչյուրըն սեանսը՝ 20 րոպե տեւողությամբ: Հետազոտության մեկնարկին բոլոր կամավորները մարդկանց 20 լուսանկարների նայելու եւ, միաժամանակ, դրանց ցուցադրության ընթացքում արտաբերված բառերին ուշադրություն դարձնելու հանձնարարություն են ստացել: Սեսիաների ավարտից հետո նրանց նույն լուսանկարներն են ցուցադրել եւ խնդրել, որ յուրաքանչյուրի հետ ասոցացված բառերը մտաբերեն: Փորձարկման՝ խթանման ենթարկված մասնակիցները, երկրորդ խմբում ներգրավվածների հետ համեմատությամբ, առաջարկվող թեստն առավել բարձր արդյունքներով են հանձնել: 

Նյարդակենսաբաններին առաջին հերթին մագնիսական խթանման՝ հիշողության համար պատասխանատու գլխավոր կենտրոններից մեկի՝ հիպոկամպի վրա ունեցած ազդեցությունն է հետաքրքրել: Գաղտնիք չէ, որ հիշողությունը ստուգող թեստերի իրականացման ընթացքում հիպոկամպն ու կեղեւը ակտիվորեն իմպուլսներ փոխանակելու հատկություն ունեն, իսկ դրանց միջեւ առկա կապերի խզումը կարող է այնպիսի արատների հանգեցնեկ, երբ մարդն, օրինակ, ի վիճակի չէ անունն արտաքինի հետ ասոցացնել:

Հետազոտության Science ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն, ուղեղի տրանսկրանիալ մագնիսական խթանման ենթարկված կամավորների մոտ օրգանի տարբեր հատվածների աշխատանքի սինխրոնավորում եւ հիշողության գործառույթի՝ 20-25 տոկոսի չափով բարելավում է նկատվել, հաղորդում է The Guardian-ը:

Գիտնականների համոզմամբ, սույն բացահայտման շնորհիվ առաջիկայում ինսուլտով, գանգաուղեղային վնասվածքներով եւ Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված հիշողության կորստի բուժման նոր մեթոդներ կարող են մշակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում