Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում՝ գազավորված ըմպելիք խմելուց հետո

2 սեպտեմբերի, 2014  12:47

Գազավորված ըմպելիքների՝ օրգանիզմի վրա անմիջական ազդեցությունը լիովին փաստագրված է: Օրինակ՝ այն, որ մեկ շիշ ըմպելուց հետո կարող եք շաքարի օրական անհրաժեշտ պաշարի 100 տոկոսը՝ 10 թեյի գդալ լրացնել: 

Բնականաբար, արդյունքում արյան մեջ շաքարի բաղադրությունն է բարձրանում, այնուհետեւ էլ՝ ինսուլինի, ինչի արդյունքում լյարդը սկսում է հավաքված ողջ շաքարը ճարպերի վերածել: Իսկ ահա 40 րոպե անց կոֆեինի մարսման գործընթացն է ավարտվում՝ տարբեր օրգանների ստիպելով համապատասխան արձագանք ցուցաբերել: Մասնավորապես, աչքի բիբերն ընդարձակվում են, արյան ճնշման աճ է նկատվում, իսկ լյարդն էլ սկսում է ավելի մեծ ծավալով շաքար դեպի արյան շրջանառություն առաքել, հաղորդում է Medical Daily-ն: 

Եւ սա դեռ՝ առաջին ժամվա ընթացքում: Օրական մի քանի շիշ գազավորված ըմպելիք խմելուց հետո վնասակար սովորության ազդեցությունը գրեթե բոլոր օրգանները կարող են իրենց վրա զգալ: Դրանցից մի քանիսը նշենք.

Ուղեղ

Շաքարի բարձր բաղադրությունը մի շարք նյարդաբանական, մասնավորապես՝ հիշողության հետ կապված գործընթացների աշխատանքին միջամտելու միտում ունի: Վերջերս իրականացված հետազոտության՝ Neuroscience ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն, շաքարի չարաշահումը «ուղեղածին նյարդաբանական գործոն» անունը ստացած քիմիական միացության արտազատման ծավալները նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում, ինչը կարող է կոգնիտիվ՝ ուսման եւ հիշողությունների ձեւավորման հետ կապված կարողությունների թուլացման հանգեցնել:

Սիրտ

2012թ.-ին Հարվարդի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ օրական թեկուզ մեկ շիշ գազավորված ըմպելիք խմող մարդկանց մոտ սրտի քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկի շեշտակի աճ է նկատվում: Մասնավորապես, վնասակար ըմպելիքներից առավել հաճախ եւ առավել հազվադեպ օգտվողների միջեւ սրտի կաթվածի առաջացման ռիսկի տարբերությունը 20 տոկոս է կազմում:

Թոքեր

Գիտնականները գազավորված ըմպելիքների չարաշահումը նաեւ թոքերում ի հայտ եկող բարդությունների, մասնավորապես՝ քրոնիկ օբստրուկտիվ խանգարման հետ են կապում:

Ատամներ

Ամեն անգամ գազավորված ըմպելիք խմելուց հետո կլանված շաքարը բերանի խոռոչում հավաքված մանրէներին միանալու եւ թթվային միջավայր խթանելու սպառնալիք է առաջացնում, ինչն ատամների էմալը թուլացնելու եւ ժամանակի ընթացքում քայքայելու վտանգով է հղի: Գազավորված ըմպելիքները նաեւ թքի pH մակարդակը նվազեցնելու եւ արդյունքում՝ բակտերիալ պրոլիֆերացիա ու ատամների քայքայում խթանելու միտում ունի: Ընդ որում, հակառակ տարածված մոլորության, դիետիկ ըմպելիքները եւս այս տեսանկյունից բացառություն չեն կազմում: 

Հիմա հարց է առաջանում՝ հիշյալ ըմպելիքները համի տեսանկյունի՞ց էլ այդքան լավն են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում