Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:
Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ի պատճառներից են.
վարակները` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի քրոնիկ օտիտ (31%), պտղի ասֆիքսիան ծնվելիս, անհասությունը, ծնվելիս ցածր քաշը, դեղնուկը, ծննդաբերական բարությունները (17%), օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%), Այլ (8%):Ըստ ԱՀԿ-ի` կանխարգելիչ միջոցառումներն են`
երեխաների իմունիզացիան կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի դեմ, դեռահասային և վերարտադրողական տարիքի աղջիկների և կանանց պատվաստումը կարմրախտի դեմ մինչև հղիությունը, ականջի համապատասխան խնամքի պահպանումը, բարձր աղմուկի ազդեզության նվազեցումը, միջին ականջի օտիտի սքրինինգը և համապատասխան վարումը, լսողության համար վտանգ ներկայացնող դեղերի կիրառման բացառումը կամ սահմանափակումը, նորածնային սքրինինգը, իրազեկումը դեռահասների շրջանում:Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը, խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում` հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում