CNN-ը մի քանի կարեւոր փաստ է ներկայացրել այն հիվանդության մասին, որն ախտահարում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ շաքարախտի։
Շաքարախտը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակով՝ ինսուլինի արտադրության, ինսուլինի ակտիվության կամ այս երկու գործոնների հետեւանքով։ Այս հիվանդությունը կարող է լուրջ բարդությունների է հանգեցնել, ինչպիսիք են կուրությունը, երիկամների վնասումը, սրտանոթային հիվանդությունները, վերջույթների անդամահատումը եւ վաղաժամ մահը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1980 թ. ի վեր պոտենցիալ մահացու հիվանդությամբ ապրող մարդկանց թիվը քառապատկվել է՝ հասնելով շուրջ 422 միլիոնի:
Կա շաքարախտի մի քանի տեսակ՝ 1-ին տիպի շաքարախտ, 2-րդ տիպի շաքարախտ եւ հղիության ընթացքում շաքարախտ:
Նախաշաքարախտն առաջանում է, երբ արյան մեջ գլյուկոզի մակարդակը նորմայից բարձր է, բայց դեռ այնքան բարձր չէ՝ շաքարախտի ախտորոշելու համար: 2-րդ տիպի շաքարախտի զարգացումից առաջ մարդիկ գրեթե միշտ նախաշաքարախտ են ունենում: 8.5 միլիոն (23 տոկոս) շաքարախտով մեծահասակների մոտ ախտորոշում պարզված չէ:
1-ին տիպի շաքարախտը զարգանում է, երբ օրգանիզմի իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները՝ օրգանիզմի միակ բջիջները, որոնք ինսուլին են արտադրում: Շաքարախտի այս ձեւը սովորաբար տարածվում է երեխաների եւ երիտասարդների շշրջանում: 1-ին տիպի շաքարախտով հիվանդների միայն 5-10 տոկոսն ունի այն: 1-ին տիպի շաքարախտի կանխարգելման հայտնի միջոց չկա:
2-րդ տիպի շաքարախտն առաջանում է, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում կամ բջիջները ճիշտ չեն օգտագործում ինսուլինը: 2-րդ տիպի շաքարախտը շաքարախտի ամենատարածված ձեւն է, եւ մեծահասակների մոտ այն կազմում է շաքարախտի բոլոր ախտորոշված դեպքերի 90-95 տոկոսը: Դա կապված է մեծ տարիքի, գիրության, ընտանեկան պատմության, ֆիզիկական ակտիվության պակասի հետ։
Երեխաների եւ դեռահասների շրջանում 2-րդ տիպի շաքարախտը, թեեւ հազվադեպ է մնում, ախտորոշվում է աճող հաճախականությամբ:
Հղիության շաքարախտը գլյուկոզի անհանդուրժողականության ձեւ է, որն ախտորոշվել է հղիության ընթացքում: Այն առաջանում է բոլոր հղի կանանց մոտ 4 տոկոսի մոտ: Հղիության շաքարախտի ախտորոշումը չի նշանակում, որ կինը շաքարախտ է ունեցել մինչ բեղմնավորումը կամ որ նա ծննդաբերությունից հետո շաքարախտ կունենա:Շաքարախտի այլ տեսակներ առաջանում են գենետիկ հիվանդություններից, վիրահատություններից, դեղորայքից, վարակներից եւ այլ հիվանդություններից: Այս տեսակի շաքարախտը կազմում է բոլոր ախտորոշված դեպքերի 1-ից 5 տոկոսը:
Հնարավոր ախտանիշներն են հաճախակի միզարձակումը, սաստիկ ծարավը, քաշի անբացատրելի կորուստը, սաստիկ սովը, տեսողության հանկարծակի փոփոխությունները, ձեռքերի կամ ոտքերի թմրությունը, հոգնածությունը, չոր մաշկը, դանդաղ բուժվող վերքերը, հաճախակի վարակները:
Շաքարախտով հիվանդ մեծահասակների մոտ սրտի հիվանդությունից մահացության մակարդակը մոտ երկու-չորս անգամ ավել է, քան շաքարախտ չունեցող մեծահասակների մոտ:
Շաքարային շաքարախտով հիվանդների մոտ ինսուլտի վտանգը երկու-չորս անգամ բարձր է։ Շաքարախտը 20-74 տարեկան մեծահասակների մոտ կուրության հիմնական պատճառն է, ինչպես նաեւ՝ երիկամների անբավարարության հիմնական պատճառը:
Շաքարային շաքարախտով հիվանդների 60-ից 70 տոկոսի մոտ նյարդային համակարգի մեղմ կամ ծանր խանգարում կամ նյարդաբանական շեղում կա:
1921 թ. բժիշկներ Ֆրեդերիկ Բանթինգը եւ Չարլզ Բեսթը հայտնաբերեցին ինսուլինը։ Եթե շաքարախտի բուժման դեղամիջոցները չեն կարող վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ, ապա պետք է ինսուլին ընդունվի: Ինսուլինն կարող է ընդունվել միայն ներարկումների միջոցով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում