Նշվել են երիտասարդությունը երկարացնող լավագույն մրգերը

14 հուլիսի, 2022  09:45

Իր խորհուրդներում սննդաբան Քերոլայն Թոմպսոնը ամենալավ «երիտասարդացնող» մրգերից է անվանել խնձորը, գրել է «МедикФорум»-ը։

Սննդաբանը նշել է, որ կանաչ խնձորներն օգնում են երկար պահպանել լավ առողջությունը եւ երիտասարդ տեսքը։ Փորձագետը մոտ 50 եւ բարձր տարիքի մարդկանց խորհուրդ է տվել միրգը ներառել իրենց սննդաբաժնում։

Սննդաբանի խոսքով՝ կանաչ խնձորները պարունակում են բջջանյութ, որի շնորհիվ լավանում է աղիների ֆլորայի վիճակը, ինչպես նաեւ «առողջության համար արժեքավոր վիտամիններ եւ միկրոէլեմենտներ»։ Խնձորների օգտագործումը կանխարգելիչ հատկություն ունի արյան մեջ բարձր շաքարի դեմ, ընդգծել է բժիշկը։

«Խնձորները հիանալի աղանդեր են, դրանք օգնում են էներգիայի կայուն մակարդակ պահպանել՝ առանց արյան մեջ շաքարի բարձրանալու, եւ նպաստում են հասուն տարիքում դիաբետի կանխմանը»,- նշել է Թոմպսոնը։

Երիտասարդությունը երկարացնող լավագույն մրգերի ցանկում մասնագետը նշել է նարինջը։

«Նարնջի մեջ շատ կալիում կա՝ միկրոէլեմենտ, որն անհրաժեշտ է հիպերտոնիայի եւ սիրտ-անոթային այնպիսի հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսին են սրտի եւ ուղեղի կաթվածները»,- տեղեկացրել է սննդաբանը։

Հասուն տարիքի մարդիկ, Թոմպսոնի կարծիքով, պետք է ուշադրություն դարձնեն սեխին, որը կարող է բարելավել մաշկի վիճակը, ինչպես նաեւ մորուն. այդ հատապտղի մեջ շաքարի պարունակությունը նվազագույնն է, իսկ բջջանյութի առատությունը նպաստում է արյան մեջ խոլեստերինի նվազմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում