Դեպրեսիան հնարավոր է արյան հետազոտությա՞մբ ախտորոշել

15 սեպտեմբերի, 2014  19:58

ԱՄՆ-ում գործող Հյուսիս-արեւմտյան համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ դեպրեսիան հնարավոր է արյան հետազոտությամբ ախտորոշել: Նրանք, մասնավորապես, հիվանդության մասին վկայող քիմիական միացություններ են հայտնաբերել:

The Telegraph-ի փոխանցմամբ, դեռահասների մոտ զարգացման վաղ փուլում գտնվող դեպրեսիայի ինքնատիպ բիոմարկերներ կարելի է գտնել: Ավելի վաղ գիտնականները կենդանիների արյան հետազոտությամբ 26 այդպիսի՝ ուղեղի վնասվածքով պայմանավորված սթրեսի եւ գենետիկ առանձնահատկությունների հետ առնչվող քիմիական միացություններ էին առանձնացրել: Հայտնի է, որ վաղ տարիքում ախտորոշման պարագայում դեպրեսիան խիստ անմխիթար հեռանկարներ է ենթադրում, մինչդեռ այն կարող է երիտասարդների քառորդ մասի մոտ ի հայտ գալ եւ հետագա տարիներին Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Հիվանդություններ, որոնց զարգացումը, տեսականորեն, կարելի է հիշյալ քիմիական մարկերների օգնությամբ կանխատեսել: 

Ուսումնասիրության հեղինակները 14 առողջ եւ նույքան էլ դեպրեսիայի ախտանշաններ դրսեւորող դեռահասների արյան հետազոտություն են նախաձեռնել՝ պարզելու համար, որ առաջարկվող մեթոդը հիվանդության առկայությունը վկայող ճշգրիտ միջոց է հանդիսանում: Գիտնականները մտադիր են առաջիկայում հետազոտությունը ինչպես դեպրեսիայով, այնպես էլ այլ հոգեկան հիվանդություններով տառապող առավել մեծ թվով կամավորների նկատմամբ փորձարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում