ԱՄՆ–ն ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրում Էբոլայի հարցով

15 սեպտեմբերի, 2014  22:35

Ամերիկայի Միացյալ Նահանգները Արեւմտյան Աֆրիկայում մոլեգնող Էբոլա տենդի համաճարակի կապակցությամբ  ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն են հրավիրում։

Associated Press գործակալության աղբյուրի տեղեկությամբ, ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուէրը նիստը նշանակել է սեպտեմբերի 18–ին։ Կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու նիստի ժամանակ, դեռ հայտնի չէ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին հաղորդման համաձայն, Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 2,4 հազար է կազմում, վարակվածներինը՝ ավելի քան 4,7 հազար: Կազմակերպության գնահատմամբ, համաճարակը շարունակում է Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում շեշտակի աճ գրանցել:

Առայժմ մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման դեպքեր Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում եւ Սենեգալում են գրանցվել: Տենդի մահացության մակարդակը 53 տոկոս է կազմում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում