Մեծ Բրիտանիայում առաջին անգամ շագանակագեղձի քաղցկեղի ռոբոտացված վիրահատության նոր ձեւ են կիրառել

5 սեպտեմբերի, 2022  19:37

Բրիտանացի բժիշկները շագանակագեղձի ռոբոտացված վիրահատության նոր ձեւ են կիրառել, որից հետո պացիենտները վերականգնվում են մի քանի շաբաթում, այլ ոչ թե մի քանի ամսում, գրել է Daily Mail-ը։

Այդ տեխնիկան ներառում է շեքի, այլ ոչ թե կոնքի առաջնամասի կտրվածք, ինչպես ստանդարտ մեթոդի ժամանակ է արվում։

Լոնդոնի Համալսարանական քոլեջի հիվանդանոցի ուրոլոգները խորհուրդ են տալիս դիմել այս վիրահատությանը՝ նշելով, որ այս մոտեցումը նվազագույնի է հասցնում արյան կորուստն ու աղիների վնասվելու ռիսկը, ինչպես նաեւ նվազեցնում է հետվիրահատական բարդությունների, ինչպիսին է անմիզապահությունը, հավանականությունը։

Մեծ Բրիտանիայում ամեն տարի շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվում 52 000 տղամարդկանց մոտ, եւ տասից մոտ ութը դրանից հետո ապրում է տասը եւ ավելի տարի։

Եթե քաղցկեղը հայտնաբերվել է վաղ փուլում, դանդաղ է աճում եւ ախտանշաններ չի առաջացնում, պացիենտները կարող են պարզապես մշտապես բուժզննում անցնել, այլ ոչ թե ավելի ագրեսիվ բուժում ստանալ։

Բայց եթե քաղցկեղն ավելի ուշ փուլի է հասել կամ ուռուցքն ագրեսիվ է եւ կա դրա տարածման վտանգ, կարելի է դիմել վիրահատական միջամտության, ռադիոթերապիայի եւ դեղորայքային բուժման։

Շագանակագեղձը հունական ընկույզի չափ գաղձ է, որը գտնվում է միզափամփուշտի տակ։ Դիրքի պատճառով բուժումը հաճախ ուղեկցվում է անմիզապահության առաջացմամբ։ Վիրահատությունը կարող է վնասել նաեւ սեռական օրգանը սնուցող նյարդերը, ինչը կհանգեցնի էրեկտիլ դիսֆունկցիայի։

Շագանակագեղձի հեռացման վիրահատությունը, որը հայտնի է որպես ռադիկալ պրոստաէկտոմիա, սովորաբար կատարվում է մեկ ոչ մեծ կտրվածքով՝ մի քանի ոչ մեծ կտրվածքների օգտագործմամբ որովայնի ստորին հատվածում։ Նորագույն մեթոդը՝ ռոբոտացված վիրաբուժությունը, կատարվում է «փականի անցքով»։ Վիրահատության ժամանակ վիրաբույժը կառավարում է բազմաձեռն մեքենան, որը պահում է գործիքները։

Պրոստաէկտոմիան սովորաբար կատարվել է շեքի միջով, ինչը թույլ է տվել ավելի ուղիղ ճանապարհ գտնել դեպի շագանակագեղձ։ Բայց կտրվածքի դիրքի պատճառով վիրաբույժների համար դժվար է եղել տեսնել, թե ինչ են անում, եւ 1990-ականներին այդ մեթոդից գրեթե հրաժարվել են։

Բայց «փականի անցքով» ռոբոտացված վիրաբուժության շնորհիվ մասնագետները կարողացել են վերածնել այդ մեթոդը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում