Ինչպե՞ս կարելի է վախերից եւ ֆոբիաներից ազատվել

18 սեպտեմբերի, 2014  14:17

Տարատեսակ վախերն ու ֆոբիաները Հայաստանում, ինչպես եւ այլ երկրներում, բավականին լայն տարածում ունեն: Դրանցից ազատվելու միջոցների  մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի հետ է զրուցել:

Մասնագետի խոսքով, շատերը կարծում են, որ եթե մարդն ինչ-որ բանից վախենում է, հարկավոր է նրա՝ վախի հետ կապված հուզական եւ վեգետատիվ ռեակցիաները (ճնշման բարձրացումը, սրտխփոցը եւ այլն) վերացնել, եւ խնդիրը կլուծվի: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանի որ, Ցոլակ Հակոբյանի խոսքով, եթե վախից այդ եղանակով ձերբազատվես, այն շուտով կրկին կվերադառնա:

Վախերից վերջնականապես ազատվելու համար հարկավոր է վերլուծել դրանք, հասկանալ, թե ինչպիսի մարդ է վախն ապրողը, ինչ ճանապարհ է անցել, եւ ինչպես է ստացվել, որ նրա մոտ այս կան այն երեւույթի նկատմամբ վախի ռեակցիա է առաջացել:

Հոգեթերապեւտի պարզաբանմամբ, անիմաստ է ստիպել մարդուն, որ չվախենա, «չափել նրա վախը» կամ նման մի բան անել: Դրանով խնդիրը չի լուծվի: Քանի որ մարդու գլխուղեղը վախ առաջացնող երեւույթի նկատմամբ սխալ գնահատական է տալիս, պետք է տարատեսակ հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ մեթոդներով հենց գլխուղեղի հետ աշխատել, որպեսզի այն սկսի ճիշտ գնահատել երեւույթը եւ հասկանա, որ այն իրենից սպառնալիք չի ներկայացնում: Միայն այդ դեպքում մարդը կկարողանա վերջնականորեն ձերբազատվել ֆոբիայից կամ վախից, քանի որ կփոխվի նրա վերաբերմունքը վախ առաջացնող երեւույթի հանդեպ, այսինքն, կվերանա վախի պատճառը, եւ ոչ թե՝ հետեւանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում