Հայաստանյան ատամնաբուժական կլինիկաներում «լիդոկային» չի օգտագործվում

18 սեպտեմբերի, 2014  17:37

Հայաստանյան ատամնաբուժական կլինիկաներում «լիդոկային» ցավազրկող դեղամիջոցը վաղուց արդեն չի օգտագործվում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է ատամնաբույժ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ «լիդոկայինին» մեր կլինիկաներում փոխարինում է «արտիկայինը», որն ավելի պակաս տոքսիկ է եւ որի ցավազրկող ազդեցությունը ավելի երկար է պահպանվում։

NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է մի շարք երեւանյան ատամնաբուժարանների հետ եւ պարզել, որ դրանցից ոչ մեկում «լիդոկային» իրոք արդեն չի օգտագործվում։ Միայն մեկ կլինիկայում նշել են, որ ժամանակ առ ժամանակ օգտագործում են «լիդոկայինի» սփռեյը, բայց ոչ ներարկային տարբերակը։

Հիշեցնենք, որ Թաթարստանում վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո այս դեղամիջոցի օգտագործումը ժամանակավորապես արգելված է. այնտեղ ատամնաբուժարաններից մեկում 5 պացիենտ ուշաթափվել էր «լիդոկային» ներարկելուց հետո։ Հետազոտությունները ցույց էին տվել, որ դեղամիջոցը որակյալ էր եւ ժամկետի մեջ, իսկ ատամնաբույժները սահմանված դեղաչափը չէին գերազանցել։ Այսպիսով, դեռ հայտնի չէ, թե ինչու էին պացիենտները ուշաթափվել; այս միջադեպի քննությունը դեռ շարունակվում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում