Ազդում է արդյոք վիտամին D-ն երեխաների աճի վրա․ նոր հետազոտության արդյունքները հակասում են ընդունված խորհուրդներին

19 դեկտեմբերի, 2022  20:25

Վիտամին D-ի ընդունումը չի ազդում դեռահասների սեռական զարգացման եւ աճի վրա, ցույց է տվել Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականների նոր հետազոտությունը: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է JAMA Pediatrics ամսագրում։

Վիտամին D-ի դեֆիցիտը տարածված է բարեխառն կլիմայական գոտիներում ապրող երեխաների շրջանում եւ նախկինում այն կապել են աճի դանդաղեցման, մկանային զանգվածի պակասի, գիրության եւ վաղաժամ սեռական հասունացման հետ: Սակայն հետազոտությունների մեծ մասը դիտարկումներ են եղել եւ պլացեբոյի խումբ չեն ունեցել:

Նոր վերահսկվող հետազոտությանը մասնակցել է մոտ 9000 երեխա՝ Մոնղոլիայի Ուլան Բատոր քաղաքից, որտեղ վիտամին D-ի պակասը շատ տարածված է:

Վերլուծությունը ցույց է տվել, որ վիտամինի շաբաթական բարձր չափաբաժիններով (14000 МЕ ) ընդունումը բարձրացնում է վիտամին D-ի մակարդակն արյան շիճուկում, սակայն չի ազդում դպրոցահասակ երեխաների հասակի կամ մարմնի կազմի վրա:

Արդյունքները հակասում են նախորդ հետազոտություններին, որոնցում վիտամին D-ի ավելի ցածր օրական չափաբաժինը (300-800 МЕ) հանգեցրել է դեռահասների աճի ցուցանիշների մեծացմանը այն շրջաններում, որտեղ վիտամին D-ի պակասը տարածված է: Հեղինակները կոչ են անում լրացուցիչ հետազոտություններ կատարել՝ վիտամինային հավելումների վերաբերյալ ապացույցների վրա հիմնված առաջարկություններ մշակելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում