Օդանավակայանների մոտ ապրող երեխաների արյան մեջ կապարի մակարդակը բարձր է

10 հունվարի, 2023  21:47

Էթիլացված վառելիք օգտագործող փոքր ինքնաթիռների համար նախատեսված օդանավակայանների մոտ ապրող երեխաների արյան մեջ կապարի մակարդակը բարձր է, պարզել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS Nexus ամսագրում։

Նախկինում ավտոմեքենայի վառելիքին կապար էին ավելացնում շարժիչի աշխատանքը բարելավելու համար: Ավելի ուշ գիտնականները պարզեցին, որ կապարը վնասակար ազդեցություն ունի մարդու առողջության վրա, այդ թվում՝ սպանում է ուղեղի բջիջները, իսկ փոքր երեխաները հատկապես խոցելի են:

Արդյունքում կապարն աստիճանաբար հանվեց տրանսպորտային միջոցների վառելիքի մեծ մասից։ Սակայն որոշ երկրներում փոքր ինքնաթիռներին դեռեւս թույլ են տալիս շարունակել էթիլացված վառելիք օգտագործել:

Հետազոտողները 2011-2020 թվականներին ուսումնասիրել են Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանի Ռեյդ Հիլվյու օդանավակայանից 2,4 կիլոմետր հեռավորությամբ ապրող վեց տարեկանից փոքր երեխաների ավելի քան 14 000 արյան նմուշ: Նմուշները վերցվել են Կալիֆոռնիայի հանրային առողջապահության դեպարտամենտի կողմից:

Գիտնականները պարզել են, որ որքան երեխաներն ավելի մոտ են ապրում օդանավակայանին, այնքան ավելի հավանական է, որ արյան մեջ կապարի մակարդակը 4,5 մկգ-ից բարձր լինի մեկ դեցիլիտրում: Այս մակարդակն արդեն վտանգավոր է համարվում շատ երկրներում ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում