Կարմրուկը հիվանդանոցի ներսից է տարածվել, ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է չպատվաստված բուժաշխատող․ Ա. Թորոսյան

6 մարտի, 2023  17:08

Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել, այսինքն, հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին, և մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված, ինչն ինքնին ցավալի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասում է ՔՊ–ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

«Բուժաշխատողները կոչված են իրականում մեզ օգնելու համար, բայց երբեմն նրանք են տուրք տալիս դավադրապաշտական տեսություններին և փաստորեն չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, կոչ են այլ ծնողների իրենց երեխաներին չպատվաստել։ Եվ փաստացի մենք ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ բոլորը պետք է պատվաստվեն, բժիշիկներն էլ պետք է պատվաստվեն, և տուրք տան իրենց ակադեմիական գիտելիքներին, և ոչ թե տարատեսակ նյութերին, որոնք հակառակն են կոչ անում։

Նշենք, որ Հայաստանում կարմրուկի 20 դեպք է գրանցված։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում