Օձ-դեռահասի մոտ 41 օր հաճախականությամբ նոր մաշկ է ձեւավորվում (ֆոտո)

25 սեպտեմբերի, 2014  12:57

Ինդոնեզիայի 16-ամյա բնակիչ Արի Բիբովոյի մոտ մաշկի՝ էրիթրոդերմիա կամ կարմիր մարդու համախտանիշ անվամբ հայտնի հազվադեպ հիվանդություն է ախտորոշվել: Տղայի մաշկն անընդհատ պոկվում է եւ, 41 օրվա ընթացքում, նորը ձեւավորվում: Մաշկի չորությունից չմահանալու համար Արին ստիպված է ժամը մեկ ջրով թրջվել եւ, երեք ժամ ընդմիջումներով, խոնավեցնող լոսյոնի օգնությանը դիմել, հաղորդում է Daily Mail-ը:

Տեղացի մասնագետները դեռահասի ծնողներին զգուշացրել են, որ հիվանդության բուժման հնարավորությունների չեն տիրապետում: Մինչ այդ, լուսանկարիչ Նուրկոլիս Ահարի Լուբիսը փաստագրական ճշտությամբ օձ-տղայի տառապանքներով լի ամենօրյա կյանքն է վավերագրել: Արտաքնապես Արին ծանր այրվածքների զոհ է հիշեցնում: Եթե ինչ-ինչ պատճառներով մոռանա մաշկը ջրով եւ լոսյոնով խոնավեցնել, օրգանը շատ արագ կսկսի այնչափ կարծրանալ ու չորանալ, որ տղան շարժվելու եւ, բերանի ծալվածքների կարծրացման արդյունքում, նույնիսկ խոսելու հնարավորությունից կզրկվի:

Տառապանքներն անտեսելով, գյուղաբնակ Արին փորձում է հնարավորինս նորմալ կյանք վարել: Սնվում է ճիշտ այնպես, ինչպես հարազատները, իսկ արիշտայի եւ կրեկերի համար խելքն իրենը չէ: Երբ փոքր էր, հաճախ էր տնից դուրս գալիս՝ հասակակիցների հետ խաղալու համար, սակայն այսօր օրվա մեծ մասը միայնության մեջ է անցկացնում, քանի որ մարդիկ խուսափում են նրա հետ շփվել:

Էրիթրոդերմիայի զոհը ինքնակրթությամբ է զբաղվում՝ դպրոցներից եւ ոչ մեկում ընդունելություն չի գտել, թեեւ հիվանդությունը վարակիչ չէ: Գյուղաբնակներից շատերին ընդհանրապես թվում է, թե Արին անիծված է, քանի որ նրա մայրը հղիության ընթացքում վատ վերաբերմունք է դրսեւորել կենդանիների, եւ հատկապես՝ մողեսների նկատմամբ:

Մինչ այդ, տղայի ծնողները հույս են տածում, որ այլ երկրներում բնակվող բժիշկները, տեղեկանալով Արիի պատմության մասին, կհամաձայնեն անվճար օգնություն ցուցաբերել նրան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում