Երեխայի օրգանիզմը փոքր չափերի մեծի օրգանիզմը չէ, կան նրբություններ. ԱՄՆ անեսթեզիոլոգները՝ «Արաբկիր» ԲԿ–ում

8 մայիսի, 2023  19:34

Անեսթեզիոլոգիան բժշկագիտության բարդագույն ուղղություններից է, մանկական անեսթեզիոլոգիան` առավելեւս: Երեխաների հետ աշխատանքն այս ոլորտում առանձնահատուկ է` ելնելով ինչպես անատոմիական, ֆիզիոլոգիական նրբություններից, այնպես էլ դեղագիտական։ Այս մասին NEWS.am Medicine–ի հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական համալիրի Վիրահատական անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ բուժման բաժանմունքի ղեկավար Խաչատուր Քյուրքչյանը:

Ըստ նրա, սա այն դեպքերից է, երբ հնարավոր չէ ասել` երեխայի օրգանիզմը նույն մեծի օրգանիզմն է` պարզապես փոքր չափերի: Ոչ: Երեխայի անատոմիական եւ ֆիզիոլոգիական առանձնահատկությունները չիմացող մասնագետը չի կարող բարեհաջող անեսթեզիա անել, հատկապես, երբ խոսքը մեկ-երկու օրական փոքրիկների մասին է, որոնց ուղեղն ավելի զգայուն է թթվածնային քաղցի նկատմամբ, իսկ սիրտ-անոթային համակարգն` ավելի քիչ կոմպենսացված:

Այդ իսկ պատճառով, նրա խոսքով,  մանկական անեսթեզիոլոգիայում միջազգային զարգացումներին հետեւելը, նորարարական մոտեցումներին ծանոթանալը, մասնագիտական փորձի ու հմտությունների փոխանակումը շատ կարեւոր են, ու «Արաբկիր» բժշկական համալիրն այս նպատակով համագործակցում է մի շարք կլինիկաների, մասնագիտական ասոցիացիաների գործընկերների հետ, այդ թվում եւ` Վահե Թադեւոսյանի թիմի` ԱՄՆ հանրահայտ Սթոնի Բրուք կլինիկայից:

«Եվ մանկական ժամանակակից անեսթեզիոլոգիայի վերաբերյալ փորձի փոխանակումն ու դեպքերի քննարկումը կարեւոր են հատկապես նրանց համար, ովքեր նոր են մտնում այս ոլորտ», - ասաց Խաչատուր Քյուրքչյանը:

Այժմ էլ «Արաբկիր» բժշկական համալիրը հերթական անգամ հյուրընկալել է Նյու Յորքի Սթոնի Բրուք համալսարանական կլինիկայի անթեսթեզիոլոգների եւ վիրաբույժների խմբին` հայազգի հայտնի անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վահե Թադեւոսյանի գլխավորությամբ:

«Տարիներ շարունակ ես աշխատանքային հարաբերություններ ունեմ «Արաբկիր» բժշկական համալիրի ադմինիստրացիայի եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ եւ այժմ էլ ինձ բախտ է վիճակվել հավաքել բազմամասնագիտական ​​թիմ՝ գալու Երեւան եւ աշխատելու մեր հայ գործընկերների հետ:  Մեր նպատակն է մասնագիտական երկխոսությունը, գաղափարների քննարկումն ու փորձի փոխանակումը: Եվ ես շատ ուրախ եմ, որ դա մեզ հաջողվում է, մեր այցերը մասնագիտական փոխադարձ օգնության հնարավորություններ են ստեղծում», - ասաց մանկական անեսթեզիոլոգ Վահե Թադեւոսյանը` Սթոնի Բրուքի համալսարանական կլինիկայից:

Փորձի եւ հմտության փոխանակման այս այցերը մեծ նշանակություն ունեն երկու կողմի մասնագետների համար, որովհետեւ պրակտիկ բժշկագիտության ամենօրյա զարգացման պայմաններում ի հայտ են գալիս նորարարական լուծումներ, որոնք, անշուշտ, հետաքրքիր են եւ ուսուցանող:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում