• Latest news▼

Շաբաթական 30 բույս. արդյոք սննդամթերքի բազմազանությունն իրոք բարելավում է առողջությունը

10 նոյեմբերի, 2026  18:34

Սննդակարգում բույսերի բազմազանությունը կարող է բարելավել սննդի որակը և աջակցել աղիների առողջությանը, սակայն հիվանդությունների կանխարգելման գործում դրա ինքնուրույն օգտակարությունը դեռևս ապացուցված չէ: Նման եզրակացության են հանգում սննդային կենսաբազմազանությունը ուսումնասիրող հետազոտողները՝ սննդի մեջ օգտագործվող բույսերի և կենդանիների տարբեր տեսակների քանակը, գրում է News Medical Life Sciences-ը:

Այդպիսի բազմազանության ցուցանիշներից մեկը Սննդատեսակների հարստությունն է (Dietary Species Richness, DSR), որը հաշվի է առնում որոշակի ժամանակահատվածում կերված մթերքների եզակի տեսակների թիվը: Ընդ որում, բույսերի միևնույն տեսակի տարբեր սորտերը պարտադիր չէ, որ մեծացնեն այս ցուցանիշը: Գնահատման այլ մեթոդներ հաշվի են առնում տեսակների հարաբերակցությունը և մթերքների սննդային կազմի տարբերությունները:

Տարբեր բույսեր պարունակում են վիտամինների, հանքանյութերի, մանրաթելերի և ֆիտոքիմիական միացությունների ոչ միանման համադրություններ: Հետևաբար, տարբեր լոբազգիների, ամբողջահատիկային մթերքի, բանջարեղենի, մրգի, ընկույզների, սերմերի, կանաչեղենի և համեմունքների օգտագործումը կարող է օգնել լրացնելու սննդարար նյութերի նկատմամբ օրգանիզմի կարիքը:

Ցածր և միջին եկամուտ ունեցող յոթ երկրի գյուղական շրջանների 6226 կանանց և երեխաների մասնակցությամբ կատարված հետազոտության ժամանակ մթերքի ավելի բարձր տեսակային բազմազանությունը կապված է եղել A և C վիտամիններով, ֆոլատով, կալցիումով, երկաթով և ցինկով ավելի լավ ապահովվածության հետ: Սակայն այս դիտարկումը չի ապացուցում, որ բազմազանության ավելացումն ինքնին վերացնում է սննդարար նյութերի դեֆիցիտը:

Բուսական սննդի բազմազանությունը կարող է նաև ազդել աղիների միկրոբիոմի վրա: Մանրաթելերի տարբեր տեսակները, պոլիֆենոլները և կայուն օսլան ծառայում են որպես սննդային միջավայր աղիքային միկրոօրգանիզմների համար: Մանրաթելերի ֆերմենտացման ժամանակ առաջանում են կարճշղթա ճարպաթթուներ, ներառյալ բուտիրատը, ացետատը և պրոպիոնատը, որոնք մասնակցում են աղիքային պատնեշի պահպանմանը և իմունային գործընթացների կարգավորմանը: Այնուամենայնիվ, բույսերի տեսակների թվի ավելացման անմիջական ազդեցությունը մարդու միկրոբիոմի և այս միացությունների արտադրության վրա դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ:

Որոշ հետազոտություններ նաև կապ են հայտնաբերում սննդակարգի բազմազանության և քրոնիկական հիվանդությունների ռիսկի միջև: Եվրոպական հետազոտության մեջ մեկ տարվա համար հաշվարկված սննդակարգում յուրաքանչյուր տասը հավելյալ տեսակի մթերքը կապված է եղել բոլոր պատճառներից մահացության և ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll