Հայաստանը տասնյակ տարիներ եղել է վստահելի գործընկեր. մեկնարկել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի համաժողովը

8 հունիսի, 2023  19:27

Երեւանում հունիսի 8-ին մեկնարկել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի՝ «21-րդ դարի հոգեբուժական պրակտիկայի նորարարությունները» տարածաշրջանային համաժողովը, որը կտեւի մինչեւ հունիսի 10-ը:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը:

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան ներառում է 155 կազմակերպություն 120 երկրներից: Երեւանյան գիտաժողովին մասնակցում են մասնագետներ ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից:

Նախատեսված են ելույթներ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի 2020-2023 թվականների գործողությունների ծրագրի եւ խնդիրների, ինչպես նաեւ հետքովիդյան եւ հիբրիդային պատերազմի դարաշրջանում Հայաստանում հոգեկան առողջության վիճակի մասին:

Իր ելույթում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը կարեւորեց փորձի եւ գիտելիքների փոխանակումն այս դժվարին ժամանակներում։

Նա նշեց, որ հայ գործընկերները Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կարեւորագույն մաս են կազմում:

«Տասնյակ տարիներ Հայաստանը եղել է մեր հուսալի գործընկերը եւ ամեն կերպ օգնել է զարգացնել եւ կատարելագործել հոգեբուժական բժշկության ոլորտը»,-հավելեց նա։ 

Այս համաժողովի կազմակերպումը, նրա խոսքով, կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ քաղաքականություն վարողներին հասցվի մասնագետներին լսելու եւ նրանց առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնելով որոշում կայացնելու միտքը:

«Մենք նպատակ ենք դրել բարձրացնել ոլորտում գիտելիքների եւ հմտությունների ծավալը, ինչպես նաեւ բարձրացնել մասնագետների իմիջը։ Մենք ցանկանում ենք խթանել հոգեթերապիան ՝ որպես կարեւոր բժշկական ուղղություն: Մենք ցանկանում ենք, որ այդ ուղղությունն ունենա բավարար ապացուցողական բազա։ Սա կարեւոր է մասնագետների մասին կարծրատիպերը ցրելու համար։ Մենք ստեղծել ենք ուսանողների աշխատանքային խմբեր բժիշկների շրջանում, քանի որ կարեւոր է ուսանողներին փոխանցել գիտության առաջընթացը: Երիտասարդների շրջանում ուղղությունը հանրահռչակելու համար մենք անցկացնում ենք նաեւ ուսանողական էսսեներ գրելու մրցույթ եւ հաղթողներին առաջարկում ենք 20 հազար դոլար:

Կորոնավիրուսի ժամանակաշրջանում մենք ուժեղացրել ենք առցանց կրթության հնարավորությունները եւ վեբինարներ ենք անցկացրել ամբողջ աշխարհի մասնագետների համար, այդ թվում՝ բուժման եւ ախտորոշման գծով։ Ընդհանուր առմամբ անցկացվել է ավելի քան 40 վեբինար, որոնք անվճար հասանելի են ասոցիացիայի կայքում:

Բացի այդ, մշակվել են ավելի քան 50 կրթական մոդելներ, որոնք կայքում նույնպես հասանելի են անվճար»,-հայտարարեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ղեկավարը։

Նա վստահեցրեց, որ առանց դեղորայքի հիվանդությունների բուժման միջոց կա, դա կանխարգելումն է։ Ասոցիացիային կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ամբողջ աշխարհում հոգեկան հիվանդությունների կանխարգելման մշակմամբ: 

«Ուստի կարեւոր է ոչ միայն բուժումը, այլեւ կանխարգելումը։ Այս առումով չափազանց կարեւոր է հիվանդի ընտանիքի անդամների եւ նրան խնամողի օգնությունը։ Բժիշկները միայնակ չեն կարողանում հաղթահարել խնդիրները, հետեւաբար կարեւոր է բոլոր երեք օղակների համագործակցությունը։ Մենք հավատում ենք, որ հնարավոր է լուծել բուժման մատչելիության խնդիրը, հնարավոր է բուժման հնարավորությունները հասցնել համայնքներին եւ մարզերին»,-եզրափակեց Աֆզալ Ջավեդը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում