«Էկզոտիկ ապրելակերպի» ներդրումը քաղցկեղի դեպքերի աճի մեջ, սքրինինգային ծրագրերի արդյունավետության եւ գերախտորոշման հարցերը, քաղցկեղի ցավի կառավարման եւ քաղցկեղի տարբեր տեսակների բուժման ժամանակակից մոտեցումները. այս եւ շատ այլ թեմաներ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, քննարկվում էին Երեւանում կայացած «Քաղցկեղի կանխարգելում, վաղ ախտորոշում եւ բուժում» միջազգային գիտաժողովում։
«Էկզոտիկ ապրելակերպ» տերմինն առաջարկել է Պետրովի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի (ՌԴ, Սանկտ Պետերբուրգ) ուռուցքային աճի կենսաբանության գիտական բաժնի վարիչ, գենետիկ, ուռուցքաբան Եվգենի Իմյանիտովը, ով նշեց, որ այսօր բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ուռուցքաբանության աճը, կապված են այն փաստի հետ, որ մարդն, ի սկզբանե, այլ կենսապայմանների է հարմարվել։
Ի՞նչ է, ի վերջո, ներառում «էկզոտիկ ապրելակերպ» տերմինը:
Կյանքի տեւողությունը
Մարդկային կյանքի տեւողությունը վերջին 100 տարվա ընթացքում կրկնապատկվել է բժշկական առաջընթացի շնորհիվ: Սա կարեւոր գործոն է տարիքային հիվանդությունների կուտակման համար։ Ըստ քաղցկեղային հիվանդությունների վիճակագրության, հիվանդությունների մեծ մասը լինում է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Իրականում, նախկինում մարդկանց մեծամասնությունը պարզապես չէր ապրում մինչեւ քաղցկեղի առաջացման տարիք:
Ավելորդ քաշը
Իմյանիտովի խոսքով, սա նույնպես քաղաքակրթության շատ նոր ձեռքբերում է, քանի որ հարյուր տարի առաջ նույնիսկ ամենազարգացած երկրներում սնունդը պարզապես չէր բավականացնում։ Իսկ ապրելակերպն, իհարկե, ավելի ակտիվ էր։ Եվ ընդամենը 50 տարվա ընթացքում մենք տեսնում ենք քաղցկեղային հիվանդությունների 3 անգամյա աճ, որոնց պատճառը կարող է լինել ավելորդ քաշը։
«Պետք է հասկանալ, որ էվոլյուցիան մեզ պատրաստել է բոլորովին այլ ապրելակերպի։ Երբեք, ո՛չ կենդանիների, ո՛չ մարդկանց համար, նույնիսկ 60-70 տարի առաջ նման բան չի եղել, որ ամեն օր, տարվա 365 օր, սննդի լիակատար առատություն լիներ։ Սով միշտ է եղել։ Եվ կարող էին գոյատեւել միայն նրանք, ովքեր կարող էին նախօրոք ուտել եւ ճարպային պաշար կուտակել։ Եվ երբ սովի ժամանակներ լինեն, այդ ճարպը կօգտագործվի, եւ մարդը կդիմանա սննդի սակավության շրջանին»,- նշեց նա՝ հավելելով, որ ի լրումն սրան, ժամանակակից մարդկանց սննդակարգը փոխվել է հօգուտ մթերքներ, որոնք ավելի հեշտ է մարսել:
Բժիշկը հավելեց, որ ավելորդ քաշը (եւ խոսքը ոչ թե աննորմալ քաշի մասին է, երբ կան գենետիկ փոփոխություններ, այլ ֆիզիոլոգիական ավելցուկի մասին) երեք քաղցկեղների հիմնական պատճառն է՝ կրծքագեղձի, շագանակագեղձի եւ հաստ աղիքի քաղցկեղի։ Նա վստահություն հայտնեց, որ 21-րդ դարում քաշի վերահսկման համար ավելի ու ավելի կկիրառվի դեղաբանական մեղմ շտկում, քանի որ առողջ սնվելու քարոզը որոշակի սահմաններ ունի, եւ ոչ բոլորն են կարող ինքնուրույն վերահսկել իրենց քաշը։ Նա նաեւ նշեց ակտիվ ապրելակերպի անփոխարինելի դերը։
Ծնելիության վերահսկում
«Սա երկրի նորմալ կառուցվածքի անկասկած հատկանիշն է, եւ դրան այլընտրանք չկա, բայց, ավաղ, հենց հայտնվեցին հակաբեղմնավորիչները, ի հայտ եկավ կրծքագեղձի քաղցկեղի համաճարակ։ Մինչեւ 20-րդ դարը կրծքագեղձի քաղցկեղը միանձնուհիների հիվանդություն էր համարվում»,- նշեց Իմյանիտովը։
Արեւայրուքը
Անցյալ դարի 50-60-ական թվականներին մարդատար ավիացիայի գալստով հյուսիսային երկրների միջին խավի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան տոմս գնել եւ մեկ շաբաթով թռչել հարավային երկրներ՝ արեւային լոգանք ընդունելու համար: «Սա, անկասկած, հաճույք է, բայց հյուսիսային մարդիկ պատմականորեն ամբողջովին սպիտակ մաշկ ունեն... Այդպիսի մարդը չունի մելանին, քանի որ հյուսիսային շրջաններում մարդկանց մաշկը էվոլյուցիայի ընդամենը 2 հազար տարվա ընթացքում այնպես է հարմարվել, որպեսզի հնարավորինս շատ ուլտրամանուշակագույն ճառագայթ կլանի՝ վիտամին D արտադրելու համար»,- նշեց բժիշկը։ Արդյունքում՝ այս մարդիկ ստանում են արեւայրուք, մաշկի բորբոքում եւ արդյունքում՝ ընդամենը 30 տարում մելանոմայի եռակի աճ։ Այստեղ բավականին արդյունավետ են պաշտպանիչ քսուքները։
Ծխելը
Քրոնիկ ծխելը որպես սովորություն առաջացել է 20-րդ դարասկզբին, եւ կապված է ծխախոտի արտադրության հետ։
Եվգենի Իմյանիտովը համաձայն է բժշկական հանրության եւ երկրի ղեկավարների կարծիքին, որ ծխելը բացարձակ չարիք է եւ աջակցում է բոլոր միջոցներին, որոնք ստեղծում են լիակատար անհանդուրժողականություն։ Բայց, ասում է, ծխելու դեմ պայքարը սահմաններ ունի։
«Մի կողմից պետք է հասկանալ, որ պետք է ինչ-որ հարգանք լինի ծխողի նկատմամբ։ Բայց ամենակարեւորն այն է, որ այս մարդիկ ուղեղում վարձատրության անբավարար համակարգ ունեն, նրանք ինչ-որ խթանիչի կարիք ունեն: Եվ կան տարբեր խթանիչներ, այդ թվում՝ նիկոտին մատակարարելու ավելի անվտանգ եղանակներ: 20 տարի առաջ գիտական ամսագրերում ես գրել էի, որ ոչ այնքան պետք է պայքարել ծխողների դեմ, որքան նիկոտին օգտագործելու անվտանգ մեթոդներ առաջարկել։ Եվ այս ուղղությունը ինձ լավ փոխզիջում է թվում»,- ասաց նա՝ հավելելով, որ նման այլընտրանք կարող են լինել նիկոտինի առաքման էլեկտրոնային համակարգերը։
Մոսկվայից Միխայիլ Լասկովը, որն իր կլինիկան ունի, ելույթում կասկածի տակ դրեց քաղցկեղի վաղ հայտնաբերման որոշ սքրինինգային ծրագրերի արդյունավետությունը։ Նա նշեց, որ սքրինինգների արդյունավետության հարցը շատ բարդ է եւ աշխարհի մասնագիտական հանրության շրջանում շատ բանավեճերի տեղիք է տալիս։ Նրա խոսքով, արդյունավետ են համարվում սքրինինգային ծրագրերը, որոնց արդյունքում քաղցկեղի այդ տեսակից մահացությունը նվազում է։ Բայց սրա հետեւում կա եւս մեկ ցուցանիշ՝ մահացությունը բոլոր պատճառներով։ Եվ հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ սքրինինգային ծրագրեր ոչ մի ազդեցություն չունեն բոլոր պատճառներով մահացության ցուցանիշի վրա: Եվ սա վեճ է առաջացնում համաճարակաբանների շրջանում։ Ինքը՝ Միխայիլ Լասկովը, հակված է կարծելու, որ յուրաքանչյուր անհատի անհատական մոտեցում է պետք։ Եվ այստեղ կարեւոր է ընդհանուր պրակտիկայի բժիշկների դերը, ովքեր, իմանալով իրենց հիվանդների հիվանդության պատմությունը, նրանց ժառանգականությունը, կարող են խորհուրդ տալ կոնկրետ հետազոտություններ անցնել։ Այսինքն՝ որոշակի ձեւով զտել հիվանդներին սքրինինգի համար, ընտրել ռիսկային խումբ, եւ դա ավելի արդյունավետ մոտեցում կլինի։
«Քաղցկեղի կանխարգելում, վաղ ախտորոշում եւ բուժում» համաժողովը կազմակերպել է «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն։ Դրան մասնակցում են Հայաստանի տարբեր բուժհաստատությունների ուռուցքաբաններ, թերապեւտներ եւ ընտանեկան բժիշկներ, ինչպես նաեւ հյուրեր Ռուսաստանից եւ Բուլղարիայից։ Ողջույնի խոսքով հանդես եկավ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում