Դավիթ Մելիք–Նուբարյանը նշանակվել է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն։ Նման որոշում գիտահետազոտական կենտրոնի բաժնետերերի ընդհանուր ժողովը կայացրել է նախօրեին՝ դեկտեմբերի 11-ին։ Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Կենտրոնի աշխատակազմին է ներկայացվել նոր տնօրենը։
Դավիթ Մելիք-Նուբարյանը բուժանձնակազմի հետ հանդիպմանը ներկայացրել է Երեւանի հնագույն ծննդատան զարգացման եւ բարեփոխման ծրագիրը: Նա խոստացել է, որ Կենտրոնը կպահպանի իր հիմնական պրոֆիլը, սակայն մատուցվող ծառայությունների շրջանակը կարող է ընդլայնվել։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում նոր տնօրենն ասել է, որ Կենտրոնի զարգացման ռազմավարությունը հիմնված է լինելու տասնամյակների ընթացքում ստեղծված ավանդույթների վրա։ Նա հիշեցրել է՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը Երեւանի առաջին ծննդատունն է, որը հիմնադրվել է 1932 թվականին, եւ այն մեծ ներդրում է ունեցել մոր եւ մանկան առողջության զարգացման գործում եւ այսօր էլ պահպանում է մասնագիտական եւ գիտական մեծ ներուժ:
Ծրագրերը ներառում են կենտրոնի արդիականացում, ենթակառուցվածքների բարելավում եւ նորագույն բժշկական սարքավորումների ձեռքբերում: Մելիք-Նուբարյանը առանցքային է համարում ներդրումները մարդկային ներուժի զարգացման եւ բուժանձնակազմի շարունակական կրթության ուղղությամբ։
«Ես կարող եմ ասել, որ կենտրոնը շատ կայուն վիճակում է, սպասարկում է հարյուրավոր հղիներ եւ ծննդկաններ։ Կենտրոնը կայուն, իր ամբողջ ուժով աշխատում է, եւ այստեղ խոսքը գնում է զարգացման մասին, որը որ լինելու է», – ասաց նա։
Գործունեության նոր ուղղությունների պահով տնօրենը նշել է, որ ամեն դեպքում ամեն ինչ կձեւավորվի կնոջ առողջության շուրջ:
«Մեր կարգախոսն է. «Ամեն ինչ կնոջ համար, կնոջ շուրջ եւ կնոջ մասին»։ Եվ այդ տրամաբանության մեջ սա լինելու է կանանց համար կենտրոն, եւ վերանորոգումների նպատակն է կենտրոնն էլ ավելի հարմարավետ դարձնել եւ նոր ծառայություններ ներդնել։ Դա կարող են լինել նաեւ պլաստիկ, էսթետիկ ծառայություններ, բայց ամեն ինչ կնոջ շուրջ է պտտվելու։ Այլ, կենտրոնի գործունեությանը ոչ բնորոշ ծառայություններ չեն նախատեսվում», – ասել է նա։
Ինչ վերաբերում է կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւին, Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ Օկոեւը կենտրոնի կարեւոր դեմքն է, եւ ինքն ամեն ինչ անելու է, որ պրոֆեսորը մնա Կենտրոնում։
Դավիթ Մելիք–Նուբարյանը 2017-2019թթ զբաղեցրել է ՀՀ Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնը։ 2020-2021թթ –ին աշխատել է որպես ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ։ Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում