Գիտնականները պարզել են, թե ինչու հղի կանայք իրականում պետք է խուսափեն ֆաստֆուդից և վերամշակված մթերքներից

12 փետրվարի, 2024  20:09

Եթե դուք հղի եք, գուցե արժի երկու անգամ մտածել նախքան համբուրգեր կամ խանութի թխվածք ուտելը, ասվում է Environmental International ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆտալատները՝ պլաստմասսաների հետ կապված քիմիական նյութերի դասը, կարող են ներթափանցել սննդի մեջ փաթեթավորումից և նույնիսկ սննդարդյունաբերության աշխատողների կրած պլաստիկ ձեռնոցներից: Հղիության ընթացքում նման սնունդն ուտելուց հետո քիմիական նյութերը կարող են ներթափանցել արյան մեջ, ապա ընկերքի միջով մտնել   պտղի արյան շրջանառության մեջ։

Գիտնականները նշել են, որ քիմիական նյութը կարող է թթվեցման սթրես և պտղի ներսում մի շարք բորբոքային պրոցեսներ առաջացնել։ Նախորդ գրականությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում ֆտալատների ազդեցությունը կարող է մեծացնել ծնվող երեխայի ցածր քաշի, վաղաժամ ծննդաբերության և մանկական  այնպիսի խանգարումների ռիսկը, ինչպիսիք են աուտիզմը և ADHD-ն (Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշ):

Հեղինակները գրում են, որ սա հղիների առաջին հետազոտությունն է, որը ցույց է տվել, որ  գերվերամշակված մթերքներով հարուստ սննդակարգը կապված է ֆտալատների ազդեցության մեծացման հետ:

Հետազոտողները պարզել են, որ վերամշակված մթերքները կազմում են հետազոտության մասնակիցների սննդակարգի 10%-ից 60%-ը կամ միջինը 38,6%-ը։ Սննդակարգում վերամշակված մթերքների համամասնության 10%-ով աճը կապված է դի(2-էթիլհեքսիլ) ֆտալատի 13%-ով ավելացման հետ, որն ամենատարածված և վնասակար ֆտալատներից մեկն է: Ֆտալատների քանակությունը որոշվել է հետազոտությանը մասնակցող կանանցից վերցված մեզի նմուշների միջոցով:

Վերամշակված մթերքները, ըստ հետազոտողների, հիմնականում ստացվում են սննդամթերքից հանված նյութերից, ինչպիսիք են յուղերը, շաքարը և օսլան, բայց այնքան են փոխվում վերամշակման և քիմիական նյութերի ու կոնսերվանտների ավելացման արդյունքում՝ արտաքին տեսքը կամ պահպանման ժամկետը բարելավելու համար, որ  դժվար է համեմատել  դրանց սկզբնական տեսքի հետ, նշել են հետազոտողները: Դրանց են վերաբերում, օրինակ, փաթեթավորված տորթերի խառնուրդները կամ փաթեթավորված կարտոֆիլ ֆրին, համբուրգերի բլիթները և ոչ ալկոհոլային ըմպելիքները:

Երբ խոսքը վերաբերում է ֆաստֆուդին, ապա  ազդեցության հիմնական աղբյուրներ կարող են լինել աշխատակիցների կրած ձեռնոցները, ինչպես նաև պահեստավորման, պատրաստման և սպասարկման սարքավորումները կամ գործիքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում