Մոր նախկին սեռական զուգընկերները կարող են իրենց գենետիկ հե՞տքը թողնել

7 հոկտեմբերի, 2014  12:50

Գիտանականներին առաջին անգամ հաջողվել է վկայություն ցուցադրել առ այն, որ երեխան կարող է մոր նախկին սեռական զուգընկերոջը նմանվել: Ճիշտ է՝ խոսքը դեռեւս ճանճերի մասին է գնում, եւ պարզ չէ, թե արդյոք երեւույթը կարող է նաեւ մարդկանց վրա տարածվել:

Այդուհանդերձ, սա առաջին փաստը չէ, որ տելեգոնիայի (կնոջ բոլոր ժառանգների նկատմամբ առաջին զուգընկերոջ ազդեցության) օգտին է խոսում: Գաղափար, որի հերքումը գենետիկները դեռեւս 20-րդ դարի մեկնարկին են տվել:

Ավստրալիայում գործող Նոր Հարավային Ուելսի համալսարանի (University of New South Wales in Australia) գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները Ecology Letters ամսագրին են ներկայացվել: Գիտնականները նախ եւ առաջ, սնուցիչներով հարուստ եւ աղքատիկ սննդակարգի օգնությամբ անհրաժեշտ չափերի որձ ճանճեր են ստացել եւ յուրաքանչյուրին մեկ երիտասարդ էգի հետ կենակցելու հնարավորություն ընձեռել: Որոշ ժամանակ անց, երբ էգերը սեռական հասունացման տարիքի են հասել, որձ զուգընկերները փոխվել են: Science World Report-ի հաղորդմամբ, տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ երկրորդ զուգընկերոջից ծնված միջատների չափը որոշակի կախվածություն է դրսեւորում՝ առաջին զուգընկերոջ սննդակարգի նկատմամբ:

Գիտնականները ենթադրում են, որ երեւույթը առաջին որձ միջատի սերմնահեղուկի մոլեկուլների՝ էգի չհասունացած ձվաբջիջների կողմից կլանմամբ է պայմանավորվում: «Բացահայտումը նոր բարդություններ է հաղորդում այն պատկերացումներին, որ գեների ժառանգաբար փոխանցման վերաբերյալ մինչ այժմ ունեինք, բայց եւ ուղղություն տալիս՝ հետագա հետազոտությունների համար: Բավական է՝ մտածենք, թե ամեն ինչ արդեն հասկանալի է, բնությունը սկսում է նոր առեղծվածներ առաջարկել», - նշել է հետազոտության հեղինակ Անջելա Քրինը (Angela Crean):

Տելեգոնիայի մասին գաղափարը դեռեւս Արիստոտելից է սկիզբ առնում: Փիլիսոփան համարում էր, որ անհատի բնորոշիչները ոչ միայն ծնողներից, այլ նաեւ՝ այլ արուներից են ժառանգվում, որոնցից մայրը նախկինում հղիության է ունեցել: Միջնադարում տեսակետը լուրջ անհանգստություն էր պատճառում եվրոպական արիստոկրատիային, սակայն 19-20-րդ դարերի սահմանագծին լայն տարածում ստացավ՝ սելեկցիոներների շրջանում: Ժամանակակից կենսաբանների դիրքորոշմամբ, ի ապացույց տելեգոնիայի բերվող փաստերի մեծ մասը ծնողների մոտ բացակայող, բայց առավել հեռավոր ազգականների մոտ առկա բնորոշիչներին են վերաբերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում