Շաքարի խիստ տատանումները վատացնում են մտածողությունը դիաբետի դեպքում. npj Digital Medicine

21 մարտի, 2024  12:14

Գլյուկոզայի մակարդակի տատանումներն ազդում են 1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդկանց ուղեղի աշխատանքի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է npj Digital Medicine ամսագրում։

1-ին տեսակի դիաբետը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում խախտվում է գլյուկոզայի մետաբոլիզմը։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ գլյուկոզայի շատ ցածր կամ բարձր մակարդակները վատացնում են կոգնիտիվ ֆունկցիաները։ Սակայն դրանք անցկացվել են լաբորատոր պայմաններում, ինչն էապես տարբերվում է իրական կյանքից։

Նոր աշխատանքին մասնակցել է 1-ին տեսակի դիաբետ ունեցող 200 մարդ։ Նրանց գլյուկոզայի մակարդակը չափել են թվային սարքերի օգնությամբ, իսկ ճանաչման պրոցեսի արագությունը՝ սմարթֆոնների թեստերի օգնությամբ։ Գլյուկոզայի մասին տվյալները հավաքվել են հինգ րոպեն մեկ, իսկ ուղեղի աշխատանքի մասին՝ օրական երեք անգամ։ Փորձը տեւել է կես ամիս, որի ընթացքում մասնակիցները սովորական կյանք են վարել։

Ճանաչման պրոցեսն ավելի դանդաղ էր, երբ գլյուկոզայի մակարդակը զգալիորեն բարձր կամ ցածր է եղել սովորականից։ Որոշ մարդիկ դրա հանդեպ ավելի ընկալունակ են եղել։ Ուշադրությունը կենտրոնացնելու ունակության վրա գլյուկոզան չի ազդել։

«Մենք հայտնաբերեցինք, որ գլյուկոզայի տատանումները նվազագույնի հասցնելը ամենօրյա կյանքում կարեւոր է տեղեկատվության մշակման արագությունը բարելավելու համար, եւ դա հատկապես ճիշտ է ավագ տարիքի կամ դիաբետի բարդություններ ունեցող մարդկանց համար»,- նշել են աշխատանքի հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում