PsyRes. Ուժային մարզումները զգալիորեն թեթևացնում են դեպրեսիայի ախտանիշները

23 մարտի, 2024  21:20

Սան Պաուլոյի համալսարանի և այլ գիտական հաստատությունների բրազիլացի գիտնականներն ուսումնասիրել են ուժային մարզումների ազդեցությունը դեպրեսիայի դեմ պայքարում։ Հետազոտությունը հրապարակվել է Psychiatry Research (PsyRes) գիտական ամսագրում:

Մասնագետները վերլուծել են 38 նախկին հետազոտություն, որոնք ընդգրկել են 2439 մարդու: Ընտրության չափանիշները մանրակրկիտ սահմանվել են՝  դեպրեսիվ խանգարումով ախտորոշված չափահասների վրա կենտրոնանալու համար:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ուժային մարզումները հանգեցնում են դեպրեսիվ ախտանիշների չափավոր կամ զգալի բարելավումների, եթե հիվանդները դա անում են կանոնավոր կերպով և բավականաչափ ժամանակ հատկացնում մարզվելուն:

Տեսանելի արդյունքի հասնելու համար մարդը պետք է շաբաթական առնվազն երեք անգամ մարզվի՝ յուրաքանչյուր վարժություն երեք կամ ավելի անգամ կատարելով։ Ավելի ցածր հաճախականության և ինտենսիվության դեպքում հակադեպրեսանտ ազդեցությունը պահպանվում է, բայց ավելի քիչ արտահայտված է լինում:

Գիտնականները նաև պարզել են, որ ուժային վարժությունների համակցումը կարդիոծանրաբեռնվածության և այլ տեսակի ֆիզիկական վարժությունների հետ չի հանգեցրել դեպրեսիայի ախտանիշների էական նվազմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում