Ստամոքսում թթվայնության արտադրումը նվազեցնող դեղերը կարող են դեմենցիա առաջացնել. A&D

25 մարտի, 2024  20:33

Դանիայի Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են, որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեղերը, պրոտոնային պոմպի ինհիբիտորները կարող են բարձրացնել դեմենցիայի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia-ում (A&D)։

Պրոտոնային պոմպի ինհիբիտորները (ՊՊԻ) դեղերի խումբ են, որոնք իջեցնում են ստամոքսի թթվայնության արտադրումը։ Դրանց ընդունման երկարատեւ հետեւանքները գնահատելու համար գիտնականները հետազոտել են 60-75 տարեկան 983 785 մարդու, որոնք դեմենցիա չեն ունեցել եւ որոնք չեն ընդունել դեղեր կոգնիտիվ խանգարումների համար։ Տեղեկության հավաքումից հետո սկսվել է դիտարկման շրջանը, որը տեւել է 18 տարի։

Դիտարկման ընթացքում 99 384 մասնակիցների մոտ առաջացել է դեմենցիա։ Պարզվել է, որ փորձարկվողների 21,2 տոկոսն ընդունել է ՊՊԻ առնվազն երկու դեղ՝ առողջ մասնակիցների 18,9 տոկոսի համեմատ։ Գիտնականները նշել են, որ լուրջ կոգնիտիվ խախտումների առաջացման հավանականությունն առավել բարձր է եղել այն մասնակիցների մոտ, որոնք պրոտոնային պոմպի ինհիբիտորներն օգտագործել են ավելի քան 15 տարի։ Բացի այդ, 60-69 տարեկանում մշտապես ՊՊԻ օգտագործող փորձարկվողների մոտ դեմենցիան ավելի հաճախ է դրսեւորվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում