Դատարանն Իտալիայում հաստատել է բժշկի դատավճիռը, որն ախտորոշում էր կատարել հեռախոսով

2 ապրիլի, 2024  16:19

Իտալիայի գլխավոր վճռաբեկ դատարանը հաստատել է բոլոնիացի բժշկի դատավճիռը, որը մեղավոր է ճանաչվել այն բանից հետո, երբ հեռախոսով խորհուրդներ է տվել պացիենտին, որը շուտով մահացել է, տեղեկացրել է il Messaggero թերթը։

Թերթի տեղեկացմամբ՝ տղամարդը դիմել է շտապօգնության ծառայություն՝ «կրծքի շրջանում ուժեղ այրոցի բողոքներով, ցավը փոխանցվել է ձեռքերին եւ մատներին»։ Հերթապահ բժիշկը ախտորոշել է «գաստրոէնտերիտ», սակայն իտալացին շուտով մահացել է ինֆարկտից։

Առաջին ատյանի դատարանը արդարացրել է բժշկին սպանության մասին հոդվածով, բայց դատապարտել է չորս ամսվա բանտարկության եւ նույնքան ժամանակով աշխատանքի ժամանակավոր արգելման ծառայողական պարտականությունները չկատարելու հոդվածով։

Դատարանը վճռել է, որ առողջության իրավունքը պարտավորեցնում է պետական ծառայության մեջ գտնվող բժշկին պաշտպանել պացիենտի առողջությունը։ Այսպիսով, բոլոնիացի մասնագետի հանցագործությունն այն է, որ նա հրաժարվել է այցելել պացիենտի տուն, չնայած նրա խնդրանքին, եւ ճիշտ չի գնահատել նրա վիճակի լրջությունը, ինչը մարդու կյանքը ենթարկել է սպառնալիքի։

«Դատավորները վկայակոչել են 1991թ. նորմը, որի համաձայն՝ հերթապահ բժիշկը պետք է հասանելի լիներ «տանը բուժզննում իրականացնելու համար», իսկ հերթապահության ժամանակ «պարտավոր էր իրականացնել բոլոր այցելությունները կարճ ժամանակով, եթե խնդրում են պացիենտները»,- թերթը մեջբերել է դատարանի որոշման քաղվածքը։

Այս դատավճիռը, գրել է il Messaggero-ն, կարող է հետեւանքներ ունենալ ընտանեկան թերապեւտների եւ հերթապահ բուժաշխատողների համար, որոնք չեն ցանկանում գնալ պացիենտների տուն, ինչին գումարվում է բժիշկների դեֆիցիտն Իտալիայում։ Դա նշանակում է, որ պացիենտների ծանր վիճակների դեպքերում բժշկի անձնական այցը դառնում է պարտադիր, իսկ այցելությունից հրաժարվելը դառնում է խախտում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում